Երջանկության սահմանման տարբեր բանաձևեր կան, որոնցով որոշվում է ազգերի «երջանիկ» կամ «դժբախտ» լինելը: Երիտասարդ հայ գիտնական, տնտեսական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանը ներկայումս հետազոտում է հայերի երջանկության դրսևորումները' փորձելով բանաձևել այն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անահիտը պատմեց, որ հետազոտության նախնական փուլում արդեն առանձնացրել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել երջանկության զգացմանը:

 

«Երջանկության չափման համար հիմնականում հաշվի եմ առել 5 գործոն' կենսաբանական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր, աշխարհընկալման և սոցիալ-տնտեսական: Կենսաբանական գործոնը անձի ֆիզիկական և հոգեբանական առողջ վիճակն է, որն էլ անմիջական ազդեցություն ունի երջանկության զգացման վրա։ Սոցիալ-հոգեբանական գործոններում առանձնացվում են, օրինակ, ամուսնությունը, մշակութային, ընտանեկան կյանքը, սիրված լինելու վիճակը և այլն: Հոգևոր գործոնը անձի եկեղեցական կյանքն է, որը ներառում է նաև կրոնը: Այս կետում հարցվածները հիմնականում դժգոհություն չեն հայտնել' նշելով, որ մեր եկեղեցին թույլ է տալիս իրենց զգալ ազատություն և, հետևաբար, նաև երջանկություն: Հաջորդը աշխարհընկալման գործոնն է, որի մեջ ներառում ենք նաև շրջակա միջավայրի և բնության ազդեցությունները: Եվ, վերջապես, սոցիալ-տնտեսական գործոնը, որն էլ մեր հիմնական թույլ տեղն է»,- ասաց Անահիտը:

 

Երիտասարդ գիտնականը նշեց, որ իր հետազոտության ժամանակ հարցվածները հիմնականում առանձնացնում էին հենց սոցիալ-տնտեսական գործոնները, որոնք խանգարում են իրենց երջանիկ զգալ: «Խոսքը, օրինակ, վճարունակության, օրենսդրական բարենպաստ միջավայրի, պատերազմների հավանականության և անվտանգության, գործազրկության և խտրականությունների մասին է: Բիզնեսով զբաղվողներն, ասենք, նշում էին, որ իրենց ավելի երջանիկ կզգային, եթե բարենպաստ գործարար դաշտում աշխատեին, շատերն էլ ասում էին, որ կցանկանային ստեղծել իրենց գործը, սակայն խուսափում են' անկայուն պայմանների պատճառով»,- ընդգծեց նա:

 

Անահիտը պատմեց, որ դեմ առ դեմ հարցումների ժամանակ շատերը' որպես իրենց երջանկության հիմնական գործոն նշում էին ամուսնությունը: «Դա ինձ մտածելու տեղիք տվեց: Գուցե պետք է այնպիսի տնտեսական բարեփոխումներ կատարնեք, որ խթանենք ընտանիքների ստեղծումը և փորձենք նվազեցնել ամուսնալուծությունների քանակը»,- հավելեց նա: Անահիտի խոսքով' հարցումներին մասնակցած կանայք, օրինակ, նշում էին, որ եթե իրենց կյանքում տղամարդ լիներ, իրենց ավեի երջանիկ կզգային: «Կարծում եմ, սա էլ է հետաքրքիր հոգեբանություն, և պետք է ավելի գլոբալ վեր աբերվել այս հարցին: Հայաստանում տնտեսապես ակտիվ մեկ տղամարդուն բաժին է ընկնում տնտեսապես ակտիվ 3 կին: Երևի թե հավասարակշռությունը շատ է խախտված և կարիք կա ինչ-որ մեխանիզմներով կարգավորել դա»,- նշեց նա:

 

Անահիտ Մանասյանը ներկայումս աշխատում է հետազոտության վրա, փորձում ընդլայնել դրա ծավալները և հասկանալ' ինչն է խանգարում Հայաստանի քաղաքացիներին զգալ երջանկությունը: Իսկ հետազոտության ավարտին նա խոստանում է ներկայացնել հայ ժողովրդի «երջանկության բանաձևը»: