Եւս մեկ արտասահմանյան բանկ է լքում թուրքական շուկան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Միլիեթ» թերթը հայտնում է, որ թուրքական շուկան որոշել է լքել նաեւ Royal Bank of Scotland (RBS) բանկը:

 

Ըստ թերթի, սպասվում է, որ մոտ ժամանակում RBS-ը կվաճառի Թուրքիայի բանկային շուկայում իր մասնաբաժինը: Թուրքական շուկայից RBS-ի հեռանալու պատճառն անհայտ է:

 

Royal Bank of Scotland-ը հանդիսանում է Շոտլանդիայի խոշորագույն առեւտրային բանկերից մեկը, ինչպես նաեւ իր մեծությամբ երկրորդը Մեծ Բրիտանիայում: Բանկը հիմնադրվել է 1727 թվականին եւ հանդիսանում է արժեթղթեր հրատարակելու իրավունք ունեցող շոտլանդական երեք բանկերից մեկը:

 

Ընթացիկ տարվա մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ 1812 թվականին հիմնադրված ամերիկյան խոշորագույն Citibank-ը վաճառում է թուրքական Akbank-ում ունեցած իր մասնաբաժինը: Բանկի կողմից վաճառքի հանված բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ դոլար:

 

Թուրքիայի բանկային հատվածը հանդիսանում է երկրի էկոնոմիկայի առաջատար ոլորտներից մեկը: Թուրքիայում գործում են 49 բանկ, որոնցից 36-ը հանդիսանում են առեւտրային, իսկ 13-ը' ներդրումային:

 

Թուրքիայում գործում են երեք պետական, 100 տոկոս թուրքական կապիտալով 12 մասնավոր բանկ, 16 բանկ ստեղծվել են արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ: