Հասարակական-քաղաքական ակտիվ շերտերը շարունակում են քննարկել նախօրեին տեղի ունեցած մահափորձը Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Դեռևս չկան մահափորձի պատճառների և կատարողների մասին պաշտոնական վարկածներ, փոխարենը հասարակական-քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են «հեղինակային» հնարավոր տարբերակները:
Այստեղ, իհարկե, հանրային երևակայությունը սահման չունի, բայց միևնույն ժամանակ նաև ակնառու է, որ հնարավոր պատճառները կամ մոտիվները ըստ էության սահմանափակ են, երբ խոսքը մահափորձի քաղաքական շարժառիթների մասին է:
Ներկայիս դրությամբ հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվող վարկածների համախմբում կարծես թե գերակշռում է այն, որ տեղի ունեցածը հարված է Սերժ Սարգսյանին և նրա «լավագույն» ընտրական գործընթացին: Եվ եթե առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ, ապա առաջնային վարկածներից մեկը դառնում է այն, որ տեղի ունեցածը այն ուժերի սադրանքն էր, որոնց ձեռնտու չէր Սերժ Սարգսյանի համար շահավետ հունով ընթացող այդ ընտրական գործընթացը, որը նրան կարող էր ապահովել առավել ուժեղ համակարգային դիրքեր, առավել մեծ իշխանություն և հետևաբար նաև՝ առաջիկա հնգամյակում առավել մեծ հնարավորություն իշխանության ներքին վերադասավորումները տնօրինելու հարցում՝ 2017-18 թվականներին ընդառաջ:
Մյուս կողմից՝ կա խնդրի արտաքին կողմը՝ նույն համատեքստում: Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանում ներքին գործընթացները վերջին շրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական մրցակցության և տարածաշրջանային ազդեցության համար Արևմուտք-Ռուսաստան պայքարի մեծ ազդեցությամբ, հետևաբար ներքին դասավորության հնարավոր վարիացիաները գերտերությունների մոտ ընկալվում են բավական սուր կերպով և շատ դեպքերում նրանց համար դիտվում են վճռորոշ ենթատեքստով:
Հետևաբար նաև որոշակի ենթադրությունների դաշտ է բացվում, երբ խնդիրը դիտարկում ենք այն կոնտեքստում, թե արտաքին ուժերից ում էր ձեռնտու Հայաստանում ընտրական գործընթացը կասկածի տակ դնելը և ստվերելը:
Ընդհանրապես փաստերի բացակայության պայմաններում անշնորհակալ գործ է ենթադրել, թե արտաքին կենտրոններից ում կարող էր ձեռնտու չլինել Հայաստանում հանդարտ ընտրական գործընթացը: Ի վերջո՝ մոտիվ կարելի է գտնել թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար, հատկապես Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության բավական ընդգծված և հաճախ նույնիսկ արտաքնապես բավական իրարամերժ «զիգզագի» պայմաններում:
Օրինակ՝ մի կողմից՝ Հայաստանի նախագահական գործընթացը մեկնարկեց Ռուսաստանի ակնհայտ նահանջով՝ ի դեմս ընտրություններից ռուսական վեկտորի քաղաքական ուժերի հրաժարումի, մյուս կողմից՝ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կարծես թե ռուսական ազդեցության շաբաթ էր հայտարարված՝ ի դեմս այդ երկրի պաշտպանության նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցերի:
Տարաբնույթ վարկածների և ենթադրությունների այս շրջապտույտում, իհարկե, հետաքրքրական է դառնում այն հարցը, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը: Արդեն իսկ կարծես թե ակնհայտ է, որ նա այս ամենը ներկայացնում է որպես ոտնձգություն պետության դեմ և փորձում է այդ գաղափարը դարձնել իր համար պաշտպանիչ վահան, առավել ևս, որ այդ գաղափարը բավական հեշտ է պարտադրել ամբողջ քաղաքական դաշտին՝ անկախ սուբյեկտների մրցակից կամ յուրային լինելուց: Այդ իմաստով Սերժ Սարգսյանի վիճակը հարաբերական է, և ինչքան էլ հարվածի տակ է հայտնվել նրա «լեգիտիմ» ընտրությունը, միևնույն ժամանակ նա կարծես թե ստացել է «գաղափարական» զրահի հնարավորություն: Ինչպես կօգտագործի այդ զրահը Սերժ Սարգսյանը՝ ցույց կտա ժամանակը:
Ակնհայտ է, որ նա այսօր խնդիր ունի ցույց տալու, որ դրության տերն է: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը շահագրգռված է ընտրական գործընթացի, այսպես ասած, անխափանության, այսինքն՝ չհետաձգելու հարցում: Այդպիսով նա պետք է ցույց տա, որ դրության տերն ինքն է, և որևէ բան դուրս չի եկել վերահսկողությունից:
Սա նրան պետք է թե յուրայինների մոտ հնարավոր, իսկ գուցե նաև արդեն որոշակիորեն դրսևորված խուճապը կանխելու, թե նաև մրցակիցներին կամ հակառակորդներին ցույց տալու համար, ընդ որում՝ թե ներքին դաշտում, թե նաև արտաքին քաղաքական կենտրոններում, որ սադրանքը չի ստացվել՝ ով էլ այն լինի կազմակերպած, և նախաձեռնությունը չի ծառայել նպատակին, Սարգսյանի նախընտրական և իշխանական դիրքերը չեն թուլացել:
Առաջիկայում ըստ երևույթին Սերժ Սարգսյանը կփորձի քայլեր անել այս ամենի ուղղությամբ: Ամենևին չի բացառվում, որ այդ ընթացքում նրա համար կարող է առաջանալ ներքին ու արտաքին փոխզիջումների անհրաժեշտություն, թեև իշխանությունների առաջին արձագանքները վկայում են, որ Սերժ Սարգսյանը, գոնե առայժմ, նման ցանկություն և մտադրություն չունի, ինչն, իհարկե, նաև բնական է, որովհետև անգամ ստիպված լինելու պարագայում Սերժ Սարգսյանը թուլության որևէ նշան ցույց չէր տա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի