Հայաստանը մասնակցել է Վարշավայում կայացած «Աշխարհի հացեր 2015» խորագրով ավանդական փառատոնին, որն ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է նաև Լեհաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և համայնքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Վարշավայում այն տեղի է ր ունենում «Պրահա» թաղամասում, ուր հրավիրված երկրներն ու մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց ազգային հացատեսակները, դրանց ծագման ու պատմության վերաբերյալ նյութեր, հակիրճ տեղեկատվություն կամ ֆիլմի ցուցադրություն, հացատեսակի պատրաստման եղանակը' ցուցադրելով նաև ազգային հացամթերքներից պատրաստված կերակուրներ և թխվածքներ:
Փառատոնում Հայաստանն առանձին տաղավարով ներկայացնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի' 2014թ. նոյեմբերին Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի որոշմամբ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական «Լավաշ» հացատեսակը: Այցելուներին հնարավորություն էր ընձեռվել համտեսել հայկական ավանդական հացը, ծանոթանալ բաղադրատոմսին և դիտել դրա պատրաստման վերաբերյալ ֆիլմ:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Լեսհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, տեղի ունեցավ մարտի 13-ին: Փառատոնի բացմանը մասնակցում էին Լեհաստանի կառավարության, Վարշավայի քաղաքային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:
Մարտի 14-ին փառատոնին մասնակցել է և հայկական տաղավար այցելել նաև Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչիրնսկին: Ընդհանուր առմամբ, հայկական տաղավարն ունեցել է հազարից ավելի այցելուներ: