«Երեւան ջուր» ընկերությունն օրեր առաջ դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու ջրի սակագինը: Ընկերություն առաջարկում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը' սահմանելով դրա սակագինը 172.6 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): «Արմենպրես»-ը զրուցել է «Երևան ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանի հետ և պարզել սակագնի փոփոխման հետ կապված հարցերի պատախանները:

 

 

-Պարո՛ն Սարգսյան, խմելու ջրի սակագնի բարձրացումը որքան ընկերության համար անհրաժեշտ, այնքան էլ սպառողի համար անցանկալի գործընթաց է: Ինչո՞ւ որոշվեց սակագինը վերանայելու պահանջ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

 

 

-Կառավարության հետ կնքված վարձակալության պայմանագրով յուրաքանչյուր տարի «Երեւան ջուր» ՓԲԸ-ն հանձնաժողովին է ներկայացնում մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները' հաջորդ պայմանագրային տարվա համար: Երբ 2005 թվականին կնքվեց այս պայմանագիրը և ստեղծվեց «Երևան ջուր» ընկերությունը, որոշվել էր, որ այն գործելու է 2006 թվականի հուլիսից մինչ 2016թ. հուլիսը: Իր գործունեության տարիներին ընկերությունը կատարել է բոլոր այն պահանջները, որ դրել էր Կառավարությունը: Այլ հարց է հասարակական պահանջը, որը մի կողմից արդարացված է, քանի որ մարդիկ ցանկանում են ունենալ ջրամատակարարման լավ համակարգ և մշտական ջուր, իսկ մյուս կողմից' չի համապատասխանում Կառավարության կողմից դրված պահանջներին:

 

 

Ջրի սակագինը որոշվում է չորս բաղադրիչներով՝ էլեկտրաէներգիայի սակագին, սղաճ, եվրո/դրամ փոխարժեքի հարաբերություն և վաճառվող ջրի քանակը։ Առաջին երեքը մեզանից կախված չեն, դրանք մակրոտնտեսական ցուցանիշներ են, իսկ չորրորդը մեզանից է կախված։ Առաջին երեք գործոնները սովորաբար թանկացման միտում ունեն, որն էլ բնականորեն ազդում է նաև ջրի սակագնի վրա։ Մենք խոստացվածի պես երկու տարին մեկ իջեցրել ենք ջրի բազիսային սակագինը, սակայն վաճառքի սակագինը, ինչպես նշեցի, կախված է նաև այլ բաղադրիչներից, հետևաբար հնարավոր չի լինում նվազեցնել։

 

 

-Իսկ ինչո՞ւ որոշվեց հենց հիմա բարձրացնել այդ հարցը:

 

 

-Մեզ անցյալ տարի խնդրեցին, որ հետաձգենք սակագնի բարձրացումը, քանի որ այլ կոմունալ ծառայությունների սակագինը բարձրանալու էր: Մյուս կողմից էլ, այս տարի նախատեսված էր բազիսային սակագնի հերթական իջեցումը, հետևաբար գործընթացը ցնցումներով չէր ուղեկցվի: Նախորդ տարի որոշված էր, որ ջուրը պետք է 7.5 դրամով թանկանար, քանի որ մեծ սղաճ էր արձանագրվել, հետո էլ էներգիան թանկացավ։ Սակայն այս տարի արդեն որոշվեց 2.4 դրամ, որովհետև իջել էր ջրի բազիսային սակագինը, և մենք էլ ավելացրել էինք ջրի վաճառքի ծավալը։ Եթե 2006-ին մենք ստանում էինք 358 մլն խմ ջուր, անցյալ տ արի մենք ստացել ենք 290 մլն խմ ջուր: Այսինքն, մենք աղբյուրներից 68 մլն խմ քիչ ջուր ենք վերցնում: Դրան զուգահեռ, ջրի վաճառքի ծավալը նախկին 59 մլն խմ-ից դարձրել ենք 64.5 մլն խմ:

 

 

-Եթե վերադառնանք սակագնի վերանայման խնդրին, ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ հասարակ քաղաքացու վրա:



-Մենք հաշվարկել ենք, որ ներկա բարձրացումն ընտանիքի հաշվով կազմելու է ամսական մոտ 25 դրամ ավելորդ ծախս: Սակայն դրա դիմաց մենք մշտապես բարելավում ենք համակարգը, բարձրացնում ջրամատակարարման տևողությունը: Մարդիկ ավելի շուտ էմոցիաներով են դատում այս հարցը և փորձում մեղադրել, սակայն շատերը չգիտեն էլ, թե ամսական որքան են վճարում ջրամատակարարման համար: Մեզ համար այսօր սակագինը չունի էական նշանակություն, մեր շահույթը ձևավորվում է ոչ թե սակագնից, այլ տնտեսումներից: Սա մեզ համար ավելի շուտ ճշգրտման գործընթաց է, որովհետև սակագնի այսչափ բարձրացումը չի կարող համակարգի համար ունենալ զգալի նշանակություն, իսկ մենք չենք կարող սրանից օգուտ ստանալ:

 

 

-Ասացիք, որ տնտեսումների հաշվին է ընկերությունը շահույթ ստանում: Տնտեսման ի՞նչ ծավալների մասին է խոսքը:



-Նախ նշեմ, որ երբ «Երևան ջուր» ընեկրությունը սկսեց համակարգի բարեփոխումները, այն բոլորովին անմխիթար վիճակում էր: Տասնյակ տարիներով չվերակառուցված համարագ, որտեղ ջրի կորստի և որակի խնդիր կար։ Սկզբում ժողովուրդն ասում էր' մեզ ջուր տվեք և կարևոր չէ, թե ինչպես, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով: Մենք հայտարարեցինք, որ ոչ թե պետք է ջուր տալ, այլ պետք է համակարգն այնպես զարգացնել, որի արդյունքում մարդիկ ջուր ստանան:

 

 

Արդյունքում փոխվեցին ջրգծերն ու վերակառուցվեցին դիտահորերը: Այն վարչական շրջանները, որոնք տարիներ շարունակ ստանում էին Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջուրը, սկսեցին օգտվել Գառնիի և Ապարանի ավելի բարձրորակ ջրից: Եթե ջրամատակարարման շարունակականությունը 2009 թվականին կազմում էր 86 տոկոս, ապա հիմա ' 98.1 տոկոս, այնինչ, մեր պարտավորությամբ սահմանված էր 95 տոկոս։ Ջրամատակարարման տևողությունը ևս բարձրացվեց: Ներկայում երևանցիների 87.4 տոկոսն ունի 23.5-24 տոկոս ջրամատակարարում, իսկ մինչև 17 ժամ ջրամատակարարում ունեցողների թիվը այնքան է կրճատվել, որ ապրիլից այդ ցուցանիշը դուրս է գալիս, այսինքն' նվազագույն շեմը սահմանում է 17 ժամ։

 

 

Մյուս կարևոր խնդիրն այն էր, որ ի սկզբանե մեր ջրամատակարարման համակարգը շատ էներգատար էր։ Մեր աշխատանքի սկզբում համակարգը տարեկան ծախսում էր 122 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ այսօր ծախսվում է 27 մլն կվտ/ժ: Մենք այդքան տնտեսում ենք շնորհիվ նրա, որ լեռներից ինքնահոս եկող ջրերի մակարդակն ավելացրել ենք, վերանորոգել աղբյուրները:

 

 

-Այսինքն այս տարիներն օգտագործվել են համակարգի օպտիմալացմա՞ն համար:

 

 

-Այո: Մենք հասել ենք նրան, որ 25 տոկոսով պակասեցրել ենք աղբյուրներից ջրի առքը, այսինքն' մոտավորապես 69 մլն խմ ավելի քիչ ջուր ենք վերցնում: Երևանը ջրի խնդիր երբևիցե չի ունեցել, խնդիրը ջուրը տեղ հասցնելն էր, իսկ դրա համար պետք էր համակարգն ամբողջությամբ վերկառուցել։ Երևանի ջրամակատարարման համարագը օպտիմալ չէր, այն դարձել էր շատ խոշոր, ծախսատար և անարդյունավետ, իսկ մեզ պետք էր ավելի կոմպակտ համակարգ, որ հնարավոր լիներ արդյունավետ կառավարել:

 

 

-Առաջիկա 1.5 տարին ի՞նչ ինդիրներ եք փորձելու լուծել:

 

 

-Այս ընթացքում ավարտին կհասցնենք սպառողների հետ պայմանագրերի հարցը: Քանի որ Խորհրդային միության տարիներին չեն եղել պայմանագրային հարաբերություններ, ապա մենք խնդիր ունեինք կարգավորելու սպառողների հետ հարաբերությունները իրավական հիմքերով։ Դրան զուգահեռ կառուցվում են նոր ջրագծեր, վերակառուցվում և արդիականացվում են բազմաբնակակարան շենքերի պոմպակայանները: Այժմ ծրագրում ենք իրականացնել նոր վարկային ծրագիր 20 մլն դոլար արժողությամբ: Իսկ մինչ մեր պայմանագրի ավարտը, կարծում եմ, 2 մլրդ դրամի չափով նոր ներդրումներ կկատարվեն համակարգում:

 

Հարցազրույցը' Գոհար Ավետիսյանի