Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել Է «Ընդհանուր կրթության մասին» օրենքի ուղղումները, որոնց համաձայն՝ դպրոց կկարողանան հաճախել այն երեխաները, որոնց 6 տարին լրացել Է արդեն մինչեւ ուսումնական տարվա սկսվելը կամ լրանում Է մինչեւ տարվա վերջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

 

Արդեն մի քանի տարի Է՝ շարունակվում են վեճերը, թե որ տարիքում Է նպատակահարմար երեխաներին դպրոց ուղարկելը: Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք կրթության նախարարության ընդունած որոշման համաձայն, 2010 թվականից երեխաներին կարելի Էր դպրոց ուղարկել 5 տարեկանից: Ծնողները դրական գնահատեցին այդ նախաձեռնությունը՝ հաշվի առնելով Վրաստանի դպրոցների անցումը 12-ամյա կրթական համակարգի (2008 թվական): 2012 թվականին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո որոշվեց վերանայել այդ հարցը:

 

 

«Օրենքն ընդունվել Է առաջին ընթերցմամբ: Ես հուսով եմ, որ երկրորդ եւ երրորդ լսումները հաջողությամբ կանցնեն, եւ այն երեխաները, որոնց 6 տարին լրանում Է դեկտեմբեր ամիսը ներառյալ, կկարողանան սկսել ուսումը եւ տարի չկորցնել»,-հայտարարել Է օրինագծի հեղինակ եւ նախաձեռնող, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Կոբա Սուբելիանին: Օրինագծի օգտին մարտի 18-ի երեկոյան քվեարկել են 62 պատգամավոր, դեմ՝ 7-ը:

 

 

Փետրվարի սկզբին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հաղորդել Էր, որ նոր ուսումնական տարվանից Վրաստանի դպրոցներում կսկսեն ընդունել 6 տարին լրացած երեխաներին: Համապատասխան որոշումն ընդունվել Էր հոգեբանների եւ ծնողների հետ կրթության նախարարության ներկայացուցիչների հանդիպմանը:

 

 

Հոգեբանների համոզմամբ՝ ծնողների այն կարծիքը, թե գրել-կարդալ իմացող երեխան արդեն պատրաստ Է դպրոց հաճախելուն, սխալ Է: Ուսումնական բեռնվածության ավելանալու համեմատ երեխան ավելի մեծ հոգեբանական ճնշում Է զգալու, ինչը հատկապես սուր կդրսեւորվի բարձր դասարաններում: