Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդներից' Քրդստանի համայնքների միության (KCK) համանախագահ Ջեմիլ Բայըքը, անդրադառնալով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից օրերս արված այն հայտարարությանը, թե Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի, հայտարարել է, որ Էրդողանը բորենու բնույթի եւ բնավորությամբ քաղաքական գործիչ է, ում «Թուրքիայի ժողո ղովուրդների հանրային առողջության տեսակետից ելնելով' պետք է փակել հոգեբուժարանում»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Բայըքը հայտարարել է քրդական Azadiya Welat թերթին տված հարցազրույցում:
«Քրդական խնդիրը չճանաչող եւ դրա լուծումը գերակա հարց չհամարող ոչ մի քաղաքական գործիչ Թուրքիայում ապագա չի կարող ունենալ: Քրդական խնդրի առկայությունը ժխտող Էրդողանը բորենու բնույթի քաղաքական գործիչ է: Այդ պատճառով էլ Էրդողանի քաղաքական ժամանակաշրջանը մտել է ավարտի փուլ: Կամ նա պետք է քայլ կատարի քրդական խնդրում, կամ էլ' ստիպված պետք է հեռանա», -ասել է նա:
Բայըքն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին նման անհեթեթ եւ ազգայնական քարոզչությամբ Էրդողանը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թուրքիայի ժողովուրդների ընդհանուր առողջության տեսակետից ելնելով նրան պետք է փակել հոգեբուժարանում, քանի որ այդ կերպ Էրդողանը խաղում է հասարակության ուղեղի հետ:
«Թուրքիայի գլխավոր խնդրին այդքան անլուրջ մոտեցող նախագահի չափ վտանգավոր բան չի կարող լինել: Եթե նման մարդն է նախագահը, վայ Թուրքիային, որովհետեւ նա Հիտլերի եւ Էնվերի նման Թուրքիան տանում է աղետալի արկածների», - նշել է Բայըքը:
Քուրդ առաջնորդը Էրդողանին բորենու հետ համեմատելը մեկանաբանել է հետեւյալ կերպ. «Երբ տեսնում է դիմացինը թույլ է' առյուծ է կտրում, իսկ երբ դիմացը ուժեղին է տեսնում' վերածվում է թեւաթափ փախչող եւ միջավայրը ուժեղներին թողնող բորենու: Նա իրեն այդ կերպ է դրսեւորում նաեւ քրդական հարցում, ինչը խիստ վտանգավոր է, քանի որ առանց լուծման թողնելով քրդական հարցը' Թուրքիան կարող է եւս տասնյակ, նույնիսկ' հարյուր տարի կորցնել», -ասել է քուրդ առաջնորդը:
PKK-ն քրդական ինքնավարության համար պայքարը սկսել է 1980-ական թվականներից: Մինչ այժմ PKK-ի զինյալ թեւի եւ Թուրքիայի զինված ուժերի միջեւ բախումներում 40 հազարից ավելի մարդ է սպանվել, իսկ Թուրքիան տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: