Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում դերասան Հայկ Մարությանը' Կարգին Հայկոն, պատասխանեց օգտատերերի բազմաթիվ հարցերին: Դրանց մեծ մասը վերաբերում էին քաղաքականությանը:

 

 

Հարցին, թե ինչպես է նա վերաբերում Ժիրայր Սեֆիլյանի և Նիկոլ Փաշինյանի գործունեությանը և արդյո՞ք սատարում է նրանց, Հայկոն պատասխանեց. «Ցավոք, ծանոթ չեմ Ժիրոայր Սեֆիլյանին, բայց մեծ հաճույքով կզրուցեի նրա հետ տարբեր հարցերի շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ ծանոթ եմ, և շատ հարցերում խոսում ենք իրար հետ: Հարցեր կան, գալիս ենք ընդհանուր հայտարարի, հարցեր կան, որ բանավիճում ենք: Իմ սատարումը կլինի ոչ միայն այս երկու շարժումներին, այլ նաև յուրաքանչյուր կառույցին, շարժմանը, մարդուն, ով ուզում է մի փոքր բարելավել Հայաստանում ապրող քաղաքացու կյանքը»,- ասաց դերասանը:

 

 

Հարց հնչեց նաև սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հայկ Մարությանի կարծիքով՝ Սահմանադրությունը չէ, որ մեղավոր է մեր այս վիճակի համար. «Այսպես ասած' մենք կարող ենք Սահմանադրություն չունենալ և լավ երկիր լինել, և, հակառակը, ունենալ լավ Սահմանադրություն և չլինել լավ երկիր: Գրեթե բոլոր վատ ապրող երկրների սահմանադրութունները իդեալական են, որովհետև վերցրել են զարգացած երկրներից, ադապտացիա են արել: Հարկավոր է պարզապես կիրառել այդ օրենքները»,- ասաց Հայկ Մարությանը և հավելեց, որ իշխանության վերարտադրութունը սկսված է շատ վաղուց և շարունակվում է: Ինքը չի կարծում, որ սահմանադրկաան փոփոխությունները ինչ-որ մի բան կփոխեն երկրում. ոնց եղել է, այնպես էլ կլինի:

 

 

Պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում Շուշան Պետրոսյանի դերը Աժ-ում, Հայկ Մարությանը տվեց կարճ պատասխան. «Դրա մասին իր կուսակցությունը պետք է մտածի և իր ընտրողները: Ես չեմ մտնում այդ թիմի մեջ: Մի բան կարող եմ ասել. երբ Շուշանը մտավ քաղաքականություն, մենք կորցրինք տաղանդավոր երգչուհու: Քիչ է երգում:

 

 

Հայկոն պատասխանեց նաև իր և Մկրտիչ Արզումանյանի հետագա համատեղ աշխատանքին վերաբերող հարցին՝ նշելով, որ ինքը բաց է և պատրաստ է համագործակցության համար: Իր կարծիքով՝ հարցն ավելի շատ իրեն չէ ուղղված: