Թուրքիայի Գյուլբաշի քաղաքի դատախազությունը, որը հետաքննել է թուրքական ղեկավարության, այդ թվում' երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսները ապօրինի լսելու մասին գործը, պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել 28 մեղադրյալների:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' նշելով, որ թուրքական ղեկավարության հեռախոսները ապօրինի լսելու մասին գործի քննությունն արդեն ավարտվել եւ ուղարկվել է դատարան: Այդ գործով անցնող 28 անձինք, ում համար Գյուլբաշի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել, մեղադրվում են լրտեսության, պետության ամբողջականության եւ միասնության դեմ ոտնձգության ծածկագրված եւ սովորական հեռախոսներն ապօրինաբար լսելու մեջ: Մեղադրյալների թվում են Թուրքիայ ի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհրդի (TUBIKAT) եւ հեռահաղորդակցության դեպարտամենտի (TIB) նախկին ղեկավարները եւս:
Մեղադրական եզրակացութւյան մեջ ասվում է ապացուցված ապօրինի 349 լսումների մասին: Գլխավոր տուժողը համարվում է Էրդողանը: Թուրքական ղեկավարության ներկայացուցիչների մեջ, ում հեռախոսները լսվել են, նշվում է նաեւ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի անունը:
Թուրքիայում, այսպես կոչված, «զուգահեռ պետության» գործով ավելի վաղ ձերբակալվել էին հազարից ավելի անձինք, ում Էրդողանը համարում է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդներ: Էրդողանի կարծիքով' Գյուլենը ձգտում է տապալել իր կառավարությունը: Էրդողանը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Գյուլենի կողմնակիցների գործունեությանն է վերագրում 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգու հետ կապված զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաները, թուրքական ղեկավարության հեռախոսալսումները եւ 2013 թվականի վերջին տեղի ունեցած աղմկալից հակակոռուպցիոն արշավը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Ստամբուլի դատարանը Գյուլենին ձերբակալելու որոշում էր ընդունել, որից հետո Թուրքիան ԱՄՆ-ի առաջ հարց է բարձրացրել նրան արատահանձնելու մասին:
2013 թվականի դեկտեմբերի կեսերին բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Թուրքիան ցնցած այդ կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում գտնվող վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ' աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: