ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մեքենան Բայկալում ընկել է սառույցի տակ՝ փոխանցում է «Ռոսիսկի դիալոգ»-ը:

 

Շուֆրիչը հաստատել է Յանուկովիչի որդու մահը: Կադրերը ցույց են տալիս, որ մեքենան ընկել է սառույցի տակ: Տեսանյութում նաև երևում են սառույցին պառկած մարդիկ, ովքեր փրկվել են:

 

Նշենք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ Բայկալում սառույցի տակ է ընկել Volkswagen մեքենա՝ հինգ ուղևորով և վարորդով, որը պատահարի հետևանքով մահացել է: Աղբյուրներից մեկը տեղի ունեցածի ամսաթիվը նշում է մարտի 20-ը, մեկ այլ աղբյուր՝ 21-ը:

 

Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին Բայկալ լճում դժբախտ պատահարի հետևանքով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան մասին:

 

«Լեվի բերեգ»-ը հղում է անում միանգամից չորս աղբյուրի, որոնցից երկուսը նախկին նախագահի ռուսական շրջապատից են:

 

«Օբոզրեվատել»-ը, որպես դեպքի վարկած, նշում է, որ Յանուկովիչ կրտսերը խեղդվել է ձկնորսության ժամանակ:

 

Համաձայն մեկ այլ վարկածի՝ նա Բայկալի մոտակայքի գյուղերից մեկում պատրաստվում էր ռալլիի հերթական մրցումներին, և գետը հատելու ընթացքում նրա ջիպը խորտակվել է:

 

Միայն փաստը՝ առանց նշելու տուժածների և զոհերի անունները, հաստատում է Ռուսաստանի ԱԻՆ-ի Իրկուտսկի մարզի վարչությունը, որտեղ հայտարարել են, որ Բայկալում մարդկանց մահվան պատճառ է դարձել անվտանգության կանոնների կոպիտ խախտումը:

 

Նշվում է նաև, որ մարտի 20-ին Օլխոն կղզու հյուսիսային շրջանում սառույցի տակ է անցել մի մեքենա՝ հինգ ուղևորի և վարորդի հետ: Քաղաքացիներն իբրև թե դուրս են եկել սառույցի վրա լուսանկարներ անելու, իսկ մեքենան ընկել է սառույցի ճեղքվածքի մեջ: ԱԻՆ-ում ճշտել են, որ լճի խորությունն այդ մասում մոտ 20 մետր է:

 

Իրկուտսկի մարզի ԱԻՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Շուտովը հայտնել է, որ մարտի 21-ին Բայկալ լճում սառույցի տակ է անցել Volkswagen մեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ: «Զոհվածը Վիկտոր Դավիդովն է: Մնացած հինգը կարողացել են դուրս գալ մեքենայից»,- նշել է նա և հավելել, որ չի կարծում, որ «նախագահի որդին կարող էր մեքենավար լինել»:

 

Բացի դրանից՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Վորոնովը վստահեցրել է, որ տեղեկություններ չունի դեպքի մասին:

 

«Մենք նման տեղեկություն չունենք, ես այդ մասին առաջին անգամ եմ լսում»,- ասել է Վորոնովը: