«Գավառի հույս» ՍՊԸ կողմից սպասարկվող կաբելային հեռուստատեսության շնորհիվ արդեն մեկ շաբաթ է, ինչ Գավառ քաղաքում թվային հեռարձակում է ապահովված 500 բաժանորդների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի հույս» ՍՊԸ փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը, իրենց կողմից սպասարկվող բաժանորդները դիտում են մինչեւ 40 հեռուստաալիք, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող Հ1, Հ2, «Երկիր մեդիա»,»Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Գեղամա» հեռուստաալիքները, որոնց հեռարձակման որակը թվային տիրույթ մտնելուց հետո միանգամայն բարձրացել է:
«Մեր բաժանորդներն արդեն ստիպված չեն լինի իրենց հեռուստացույցների համար հատուկ սարք ձեռք բերել ու տեղադրել, քանի որ մենք որսում ենք թվային ալիքները եւ հեռարձակում: Սա մեզ համար եւս մեկ հնարավորություն է՝ մեր սպասարկման տիրույթը ընդարձակել դեպի Գավառ քաղաքի մյուս թաղամասեր եւ Գավառի նախկին շրջանի համայնքներ»,-նշեց փոխտնօրենը:
Խոսրով Խլղաթյան