ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարևորում է խորհրդարանի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու նախաձեռնությունը: Ազգային ժողովում «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկման ընթացքում Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը լավ առիթ է մինչ օրս տեղի ունեցած ցեղասպանությունները արձանագրելու և դատապարտելու համար:

 

 

«Ցեղասպանությունը մարդու իրավունքների զանգվածային խախտման տեսակ է, և մարդու իրավունքների զանգվածային խախտումների ամենաճչացող օրինակն է: Եվ այս առումով նաև միջազգային հանրությունը, ներդնելով համամարդկային բոլոր արժեքները, ընդունել է ցեղասպանության դեմ կոնվենցիա, և ամբողջ աշխարհով մեկ փորձ է արվում կանխել ցեղասպանության դեպքերը: Սակայն քանի դեռ այդ դեպքերը կանխելու համար օրական քայլեր չեն արվել, ցեղասպանություններ տեղի են ունենում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

 

 

Անդրադառնալով հնչող առաջակներին, թե հարկավոր է հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության փոխարեն ընդունել նույն դրույթներով օրենքի նախագիծ՝ Մարուքյանն ընդգծեց, որ, սկսած 1995թ., ՀՀ Ազգային ժողովը ընդունել է ընդամենը 4 հայտարարություն: «Տվյալ դեպքում ցանկանում եմ նշել, որ մեր խորհրդարանի պարագայում հայտարարությունն ավելի ծանրակշիռ է, քան որ մենք սա ընդունենք օրենքի տեսքով: Օրենքի տեսքով ընդունելու հետ կապված' պետք է ասեմ, որ մենք չունենք խորհրդարանական այդպիսի մշակույթ, որ օրենք ընդունենք՝ կապված ցեղասպա նության ճանաչման կամ դատապարտման հետ»,- ընդգծեց պատգամավորը:

 

 

Ազգային ժողովը քննարկում է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը: