Մինչև ապրիլի 24-ն ադրբեջանական սադրանքները կշատանան, սակայն դրանք չեն հանգեցնի լայնածավալ պատերազմի: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը' Կոմանդոսը:

 

Հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության բարձր մակարդակը գեներալ-մայորը հենց Թուրքիայի գործոնով է պայմանավորում. Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է շեղել ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից, և թուրքական քարոզչությունն Ադրբեջանում մեծ է:

 

Արկադի Տեր-Թադևոսյանը վստահ է՝ ՀՀ իշխանությունները գիտեն՝ ինչպես կանխարգելել այդ սադրանքները. դրանց թիվը մինչև ապրիլի 24-ն, իհարկե, կշատանա, սակայն չի հանգեցնի լայնածավալ պատերազմի: Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա, Կոմանդոսի կարծիքով, ապրիլից հետո նրանք կդադարեցնեն այդ գործողությունները:

 

«Եթե հանկարծ պատերազմ սկսվի՝ կողմերը կտուժեն, սակայն Ադրբեջանը, որպես պետություն, երկրի երեսից կվերանա»,- ասում է Տեր -Թադևոսյանն ու հավելում՝ դա պայմանավորված է Արցախի աշխարհագրական դիրքով: Ադրբեջանը կարող է 100 «սնարյադ» արձակել, սակայն դրանց տված վնասն ավելի քիչ կլինի, քան եթե Արցախից արձակվի 10 «սնարյադ» հատուկ նշանակության կետերի վրա, ինչը կարող է Ադրբեջանին՝ որպես պետություն, բնաջնջել երկրի երեսից. այդ մասին գիտեն նաև Բաքվում: