Բելառուսն Ադրբեջանին զենք չի վաճառում: Նման կերպ արձագանքեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Բելառուսի ներկայացուցիչ, Բելառուսի ԱԺ պատգամավոր Թամարա Դոլգոշեյը' ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով հայ լրագրողի հարցին: «Ռուսաստանը զենք է վաճառում մեր հակառակորդին' Ադրբեջանին, կա տեղեկատվություն, որ Բելառուսը ևս վաճառում է զենք ադրբեջանցիներին: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք» հարցին ի պատասխան' բելառուս պատգամավորը նշեց. «Դա բացարձակապես ճշմարտություն չէ: Միգուցե, դա բամբասանք է:

 

Ես երաշխավորում եմ իմ երկրի անունից, որ մենք շատ խաղաղ պետություն ենք, այդ բնութագրիչներով շատ մոտ ենք հայ ազգին, ռուս ազգին: Մեզ մոտ երբեք հարձակվելու ցանկություն չի եղել, մեր, ինչպես յուրաքանչյուր բանական ազգի, նպատակն է պաշտպանվելը: Միգուցե վերջին զինավարժություններ են, որոնք ցանկացած երկրի պետք են իրեն պաշտպանելու ունակության համար, որը ենթադրում է նաեւ նյութատեխնիկական բազա ու կադրեր, հիմք հանդիսացել նման խոսակցությունների համար: Իմաստ չունի այդ հա րցը քննարկել, դրանք ասեկոսեներ են»:

 

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով' 2007-2012թթ. Բելառուսը Բաքվին մատակարարել է 62 միավոր տանկ, 7 միավոր մարտական ինքնաթիռ, խոշոր կալիբրի հրանոթային 42 համակարգ: Նույն ժամանակահատվածում Բելառուսը Հայաստանին մատակարարել է միայն 10 միավոր խոշոր կալիբրի հրանոթային համակարգ: