15 տարվա ընթացքում ավելի քան կրկնակի ավելացել և 68 տոկոսի հասել այն ռուսաստանցիների թիվը, ովքեր իրենց երկիրը համարում են մեծ տերություն: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է «Լևադա կենտրոնի» անցկացրած հարցումը, որի արդյունքները հրապարակել է «Իզվեստիա» թերթը:
1999 թվականին քաղաքացիների ընդամենը 31 տոկոսն էր Ռուսաստանը համարում մեծ տերություն, իսկ մեծամասնությունը (65 տոկոսը) այդպես չէր կարծում: Այս տարի, ընդհակառակը, հարցման մասնակիցների մեծ մասն այն կարծիքին է, որ Ռուսաստանը մեծ տերություն է, իսկ այլ տեսակետ է պաշտպանում բնակչության մեկ երրորդից պակաս մասը (27 տոկոսը):
Ինչպես հրատարակությանը հայտարարել է «Լևադա կենտրոնի» սոցիոլոգ Կարինա Պիպիան, այն ռուսաստանցիների թիվը, ովքեր հավատում են, որ իրենց երկիրը մեծ տերություն է, դեռ անցյալ տարվա նոյեմբերին էր հասել 68 տոկոսի և չի փոխվել. սա առավելագույն ցուցանիշն է ուսումնասիրությունների բոլոր տարիների ընթացքում:
Ըստ սոցիոլոգների տվյալների, ռուսաստանցիներն առաջվա պես ավելի շատ են պաշտպանում Արևմուտքի երկրների հետ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի հետագա զարգացման քաղաքականությունը (60 տոկոս), քան դրանց կրճատումը (29 տոկոս): Սակայն ավելի վաղ Արևմուտքի երկրների հետ մերձեցման օգտին նկատելիորեն ավելի հաճախ էին արտահայտվում՝ օրինակ՝ 2000 թվականին այդ մասին հայտարարում էր հարցվածների 76 տոկոսը:
Յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին (35 տոկոսը) այն կարծիքն է հայտնել, որ վերջին կես տարվա ընթացքում արտասահմանում սկսել են երկրից ավելի շատ վախենալ: Սակայն, հարցվածների մեծ մասն (63 տոկոսը) կարծում է, որ այժմ Ռուսաստանին սպառնում են բազմաթիվ արտաքին ու ներքին թշնամիները (համեմատության համար նշենք, որ 2007 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 42 տոկոս): Եվ միայն բնակչության քառորդ մասն է (23 տոկոսը) թշնամիների մասին խոսակցությունները համարում իշխանության կողմից բնակչության ուշադրությունը շեղելու միջոց (2007 թվականին՝ 30 տոկոս):
Հարցվածների մեծամասնությունը (68 տոկոս) հավատում է, որ Ռուսաստանը նշանակալի դեր է խաղում միջազգային խնդիրների լուծման գործում: Բնակչության գրեթե քառորդ մասը (24 տոկոսը) այն կարծիքին է, որ երկրի դերն այնքան էլ կարևոր չէ, և միայն 5 տոկոսն է կարծում, որ այն երկրորդական է: Ավելի վաղ անցկացված հարցումներում միջազգային ասպարեզում Ռուսաստանի կարևոր դերը ավելի քիչ են նշել՝ 2010 թվականին՝ 62 տոկոս, իսկ 2011-ին՝ 51 տոկոս:
Հարցմանը 1,6 հազար մարդ է մասնակցել Ռուսաստանի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: