ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողի' հակառակորդի կողմն անցնելու պատճառներն ուսումնասիրվում են, իսկ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութը ռեժիսուրայի ժանրից էր: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Մենք արդեն հաղորդագրությունը տարածել ենք, որ այդ զինծառայ ողը, մարտական դիրքում թողնելով իր հանդերձանքն ու զենքը անցել է հակառակորդի կողմը: Պատճառներն այժմ ուսումնասիրվում են, իսկ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութը ռեժիսուրայի ժանրից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

 

Փոխնախարարը խորհրդարանում զրուցեց նաև լրագրողների հետ: Նա ընդգծեց, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ ներկայացնել, թե ինչո՞ւ է հայ զինծառայողն անցել հակառակորդի կողմը, քանի որ պատճառները դեռևս ուսումնասիրվում են: Անդրադառնալով խոսակցություններին, թե այդ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել՝ Նազարյանն ընդգծեց, որ հստակ որևէ բան չի կարող ասել, քանի դեռ հարուցված քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել: «Ես ձեզ խնդրում եմ, նույն հարցերն ինձ անընդհատ մի ուղղեք, որովհետև հիմա ոչինչ չեմ կարող ասել: Ես չեմ կարող այս պահին անպատասխանատու հայտարարություններ անել, քանի որ գործի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշեց Նազարյանը:

 

Նա նաև հայտնեց, որ դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն տեղյակ է պահել բոլոր պատկան մարմիններին և միջազգային կառույցներին: