«Արցախ TV»-ին տեսանյութ է պատրաստել հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման մասին:

 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

 

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

 

Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ' իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

 

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: