Այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաշվետությունը: Արդեն իսկ հնչել են բավականին սուր քննադատություններ Հանձնաժողովի աշխատանքների և ՀՀ-ում տնտեսական մրցակցության անմխիթար վիճակի մասին և, համաձայն լինելով հնչած բոլոր գնահատականների հետ, ցանկանում եմ բերել մեկ օրինակ' հասկանալու համար թէ ինչ աղետալի վիճակում է գտնվում տնտեսական մրցակցության վիճակը Հայաստանում:

 

 

Վերցնենք ցորենի առևտրի ոլորտը:

Նորմալ տնտեսական մրցակցություն ունեցող պետություններում, ցորենի ներկրումով կամ աճեցումով զբաղվում են բազմաթիվ ընկերություններ և անհատ ֆերմերներ: Նրանց ներմուծում են (աճեցնում) ցորենը և այն մեծածախ գներով վաճառում ալրաղացներին:

 

 

Իհարկե չի բացառվում, որ ցորեն նեմուծողը ունենա իր սեփական ալրաղացը, սակայն եվրոպական պետություններում դա չի խրախուսվում, հաճախ նաև պատժվում է' եթե ցիկլի երկու շղթաների կենտրոնացումը մեկ գործարարի ձեռքում սահմանափակում կամ խոչընդոտում է ոլորտում գործող այլ սուբյեկներին:

 

 

 

Աղացած ալյուրը իրացվում է մեծածախ և մանրածախ շուկայում' համապատասխան գնային սանդղակներով, որտեղ մեծածախ գնորդները ալյուրը օգտագործում են հացաբուլկեղենի, մակարոնի և այլ ցորենի հիմքով պատրաստվող մթերքների արտադրության մեջ: Այնուհետև արտադրված մթերքը մեծածախ գներով մատակարարվում է մանրածախ առևտրի կետեր' վերջնական սպառողին այն վաճառելու նպատակով: Ուշադրություն դարձրեք, թէ քանի տնտեսվարող սուբյեկտ մասնակցեց միայն տնտեսության այս մեկ ոլորտում:

 

 

Հիմա տեսնենք, թէ ինչպես է այս նույն գործընթացը կատարվում Հայաստանում:

Մեկ տնտեսվարող սուբյեկտ Հայաստան է ներմուծում ցորեն, թէ ինչ քվոտայով, դեռևս ենթակա է պարզաբանման: Այս սուբյեկտը ունի իր ալրաղացը, որտեղ աղում է ցորենը և ստանում ալյուր: Ստացված ալյուրը ա) վաճառում է մանրածախ իր սեփական խանութների ցանցում
բ) օգտագործում իր սեփական արտադրության մեջ' արտադրելով հացաբուլկեղենի մի ամբողջ շարք և այն նորից վաճառում իր սեփական խանութների ցանցում:

 

 

Ինչ ստացվեց, եթե պարզվի, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտը ցորենի ներկրման շուկայում ունի մենաշնորհ կամ շուկայում գերակայող դիրք, ապա շուկայից դուրս մղվեցին, սննկացան, կամ այդ սուբյեկտի տիրապետության և տնօրինման տակ անցան հարյուրավոր խոշոր, փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ, հետևաբար հազարավոր մարդիկ մնացին գործազուրկ, չկարողացան բանկերին մարել վերցրած վարկերը, վաճառեցին ամեն ինչ և արտագաղթեցին Հայաստանից:

 

 

Այս տնտեսական սուբյեկտը տնտեսական քիլլեր է, որին նորմալ պետություններում ոչ միայն կտուգանեն ահռելի գումարով, այլ նաև կենթարկեն քրեական պատասխանատվության:

Իսկ Հայաստանում սա համարվում է նորմալ երևույթ, որի մասին բառ անգամ չենք լսել տնտեսական մրցակցության պաշտպանության համար պատասխանատու սուբյեկտներից:

 

 

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյան