ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ «Հիմնադիր խորհրդարանի» հետ ՀՅԴ-ն չի կարող համագործակցել, քանի որ այդ ուժը գնում է հայ ազգի միասնությունը պառակտելու քայլերի: Ընդդիմադիր պատգամավորն այս մասին ասաց Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն պատրա՞ստ է միանալ «Հիմնադիր խորհրդարանին»:

 

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու:

 

«Մենք բացարձակապես չենք պատրաստվում համագործակցել նման ուժի հետ, որն իր գործողություններով փորձում է պառակտել մեր ազգի միասնությունը: Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք որևէ քաղաքական պայքար Ապրիլի 24-ի հետ կապելու քայլերին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է որևէ քաղաքական պայքար կապել Ապրիլի 24-ի հետ: Սա չի կարելի թույլ տալ: Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ նույնիսկ 100 տարի անց հայ ժողովուրդը միասնական է, շարունակում է պահանջատեր լինել և ձգտում է հասնել 100 տարի առաջ տեղի ունեցած ոճիրի միջազգային ճանաչմանը և դատապարտմանը»,- ընդգծեց Ռուստամյանը:

 

Պատգամավորը նաև նկատում է, որ այս գործում անելիք ունեն նաև իշխանությունները, այն է՝ կանխարգելել հնարավոր ոչ բարենպաստ զարգացումները:

 

Մանրամասն՝ տեսանյութում: