Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խորհրդակցել են պատմաբանների և փորձագետների հետ, ովքեր պետք է ուսումնասիրեն և փաստեր հավաքեն Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ իրենք կարևորում են ազգային փոքրամասնությունների դերը մեր երկրում, և հատկապես' եզդիների ցեղասպանության հարցը, որն ուսումնասիրության կարիք ունի: Նա վստահեցրեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լրջորեն զբաղվելու է այդ հարցով: «Մենք հանդիպումներ ենք ունեցել եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նրանք վստահեցնում են, որ պատմական այդ ժամանակահատվածում՝ 1915-1932թթ. ընթացքում, տուժել են այն գործողություններից, որ կազմակերպել են երիտթուրքերը: Թե այս ամենը ինչ բովանդակություն կստանա, ինչ փաստեր կլինեն, կախված է նրանից, թե ինչ հիմնավորումներ կունենան մեր պատմաբանները և փորձագետները, ում հետ մենք արդեն խորհրդակցել ենք: Երբ կներկայացվեն ուսումնասիրությունների արդյունքները, մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- ընդգծեց Էնֆիաջյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, Էնֆիաջյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ նման հայտարարությամբ կամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք»:
Նա ընդգծեց, որ արդեն իսկ սկսված գործընթացը մեծ արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր հատվածներում բնակվող եզդիների շրջանում: Նրա դիտարկմամաբ' որոշակի ժամանակ անց հնարավոր կլինի տեսնել, թե ինչպիսի փաստեր կհաջողվի հավաքել Օսմանյան Կայսրությունում եզդիների ցեղասպանության վերաբերյալ, որոնց հիման վրա պետք է ստեղծվի համապատասխան փաստաթուղթ՝ օրենսդրական նախաձեռնություն:
Նա նկատեց, եր եզդիները հիմնականում ցանկանում են, որպեսզի Ազգային ժողովը քննարկի և Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունի: «Սակայն ես ցանկանում եմ ընդգծել, որ որևէ բան արհեստածին չի լինում: Մենք պետք է առաջին հերթին հասկականք, թե ինչ հիմքեր կան դրա համար և համապատասխան քայլեր ձեռնարկենք: Հիմա եզդիական համայնքի ներկայացուցիչներն էլ գործընթաց են սկսել, որ կարողանան փաստեր հավաքել եզդիների ցեղասպանության վերաբեյալ, որովհետև մի բան է, երբ ինչ-որ դրվագներ են պատմում իրենց նախնիների մասին, այլ բան' երբ այդ ամենի մասին փաստեր են ունենում: Հարկավոր է դուրս գալ զգացմունքային դաշտից»,- շեշտեց Էնֆիաջյանը:
Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս հարցում ևս ակտիվ է եղել, ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել նրա հետ, Էնֆիաջյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն այս հարցով պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի կամ գործչի հետ:
Հայաստանի Հանրապետության խորհրդարանը մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում ասորիների և հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Հայտարարության նախագծի քննարկման ընթացքում մի խումբ պատգամավորներ իրենց մտահոգությունն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ հայտարարության նախագծում եզդիների ցեղասպանությանն անդրադարձ չի կատարվել, ինչին հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել էր, որ եզդիների ցեղասպանությունը չի ներառվել հայտարարության նախագծում, քանի որ Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանության վերաբերյալ բավարար փաստեր չկան: Շարմազանովը նաև վստահեցրել է, որ անհրաժեշտ փաստեր ունենալու դեպքում ՀՀ ԱԺ-ն պատրաստ է եզդիների ցեղասպանությունը դատապարտող առանձին հայտարարություն ընդունել: