Հայերն աղոթելու համար այցելում էին Հռոմի Վատիկան դեռ այն ժամանակ, երբ Սուրբ Պետրոսի տաճարը չկար: Նրանք հերթական անգամ կայցելեն Վատիկան ու կաղոթեն այս տարվա ապրիլի 12-ին: Այդ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանում պատարագ կմատուցի:

 

 

Այսպես է Rome Reports հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում արձանագրել է պատմական փաստը. «Դժվար է պատկերացնել մի շրջան, երբ Սուրբ Պետրոսի հրապարակը դեռ գոյություն չուներ: Սակայն հրապարակի կառուցումից դեռ շատ առաջ ուխտագնացներն այցելում էին այստեղ՝ Սուրբ Պետրոսի մասունքների առաջ աղոթելու համար: Ուխտավորների թվում հազարավոր հայեր են եղել, որոնք ճանապարհորդել են Հռոմ: Իրականում անգամ հյուրատուն է եղել հայ այցելուների համար»:

 

 

Ինչպես հաղորդում է panorama.am- ը, ռեպորտաժում տեղեկացվում է, որ թեև հայերի համար նախատեսված հյուրատունը փակվել է և դարերի ընթացքում անհետացել, սակայն հարյուրավոր տարիներ անց գտնվել է այդ հյուրատան գլխավոր խորհրդանիշը՝ հայկական խաչքարը:

 

 

«Այդ տան համար պատասխանատու քահանան խաչքար է դրել մուտքի մոտ: Դա ավանդական հայկական նախշերով խաչքար էր»,- Rome Reports-ը ներկայացրել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի պարզաբանումն ու տեղեկացրել, որ նշված խաչքարը Հայտնաբերվել է և 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել Վատիկանի թանգարանների մշտական ցուցադրությունում:

 

 

«Բացի հայերեն գրությունից՝ կար նաև լատիներեն արտահայտություն, որտեղ նշված էր. «Այս խաչն օծվել է»»,- ռեպորտաժում 1246 թվականի թվագրմամբ խաչքարի մասին պատմում է Միքայել Մինասյանը:

 

 

Այնուհետև նյութի հեղինակն արձանագրել է, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է:

 

 

«Հաճախ հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվել այդ պատճառով: Այնպես, որ այս խաչքարը պարզապես նվիրումի մասին չէ, այլ քրիստոնեության, պատմության, հավատքի և համառության մասին»,- նշվում է ռեպորտաժում:

 

 

Ռեպորտաժի հեղինակն հիշեցնում է ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվելիք պատարագի մասին և մեջբերում Միքայել Մինասյանի խոսքը. «Այս խաչքարը տեղադրվել է մի վայրում, որտեղ հայերը կանգնում էին և աղոթում Սուրբ Պետրոսի շիրիմի առաջ: Այժմ այն վերադարձվել է Հռոմ՝ Վատիկանի թանգարաններ: Ապրիլի 12-ին հայերը կրկին կլինեն այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար»,- ասում է նա: