Կենսաինֆորմատիկայի ոլորտի չինացի գիտնականներն ստեղծել են հատուկ համակարգչային ծրագիրր, որը հաշվարկում է մարդու օրացույցային և կենսաբանական տարիքը' եռաչափ լուսանկարի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Cell Research գիտաան պարբերականում:
Օրգանիզմի ծերացման զուգընթաց փոխվում է ոչ միայն մարդու արտաքինը, նրա օրգանները և բջիջները, այլ նաև հասակը, մարմնի և գանգի ձևը: Դա պայմանավորված է կրճիկների դանդաղ չորացմամբ, ոսկորների թուլացմամբ, ինչպես նաև մկանների և ճարպի ծավալների հարաբերակցության փոփոխությամբ:
Շանհայի Գիտությունների ակադեմիայի կենսաինֆորմատիկայի մասնագետ Ցին-Դուն Խանը ենթադրել է, որ այդ փոփոխությունների մասին տեղեկությունները կարելի է կիրառել մարդու օրացույցային և կենսաբանական տարիքը որոշելու համար: Նա առաջադրել է այս թեզը՝ ուսումնասիրելով 17-77 տարեկան 300 մարդկանց եռաչափ լուսանկարները:
Այս լուսանկարների ուսումնասիրման հիման վրա գիտնականները ստեղծել են ծրագիր, որը սովորել է հաշվարկել շանհայցիների տարիքը՝ հետևելով դեմքերի փոփոխություններին: Ինչպես ընդգծել են գիտնականները, հաշվարկի համար կարևոր չէր դեմքի ընդհանուր տեսքը, այլ որոշակի կետերի տեղաբաշխումը, դրանց միջև հեռավորությունը, որոնք հատուկ են տվյալ տարիքի մարդկանց համար:
Որոշակի ժամանակ անց ծրագիրը սովորել էր համարյա անսխալ հաշվարկել մարդկանց տարիքը: Օրինակ՝ քթի և բերանի լայնությունը ժամամակի ընթացքում մեծանում է, իսկ աչքերի անկյունները դանդաղ «ինջնում են» ցած: