Ցեղասպանությանը հաջորդած տարիները և նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները և վերքերը սպիացնելու և ավելի ուժեղ դառնալու համար հայ ժողովուրդը քրտնաջան աշխատանք ունի կատարելու: Այսպիսի գնահատական տվեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա անդրադարձավ անելիքներին ու հավաստիացրեց, որ հայկական զինված ուժերը պատրաստ են դիմակայելու հակառակորդի ցանկացած սադրանքի և պահպանելու երկրի անվտանգությունը:

 

-Հարգելի պարոն Սահակյան, համայն հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր կոչն ուղղված հայ ժողովրդին:


-Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Թուրքիայի կողմից կատարված սարսափելի ոճրագործության հետևանքով 1,5 միլիոն անմեղ հայեր ենթարկվեցին սպանդի, հայաթափվեց մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այս ոճրագործությունը նաև համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր, որի չճանաչումն ու չդատապարտումը բերեցին նոր ցեղասպանություների և կոտորածների:

 

Ինչ վերաբերում է հայ ժողովրդին ուղղված կոչին, ապա կարծում եմ, որ Ցեղասպանությանը հաջորդած տարիները և նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները: Առաջին՝ Ցեղասպանությունը երբեք չի մոռացվի հայ ժողովրդի կողմից: Երկրորդ՝ մենք պետք է ամեն ինչ անենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Եվ, ամենակարևորը, հայ ժողովուրդն այլևս երբեք չպետք է ենթարկվի ցեղասպանության, իսկ դրա ամենահուսալի գրավականն անկախ ու հզոր ազգային պետությունն է, նրա մարտունակ բանակը և համախմբված հասարակությունը: Այս ուղղությամբ բոլորս պետք է իրականացնենք ամենօրյա քրտնաջան աշխատանք:

 

-Պարոն Նախագահ, ո՞րն է այն դասը, որ պետք է քաղի հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից:


-Հայոց ցեղասպանությունից դասեր պետք է քաղի ոչ միայն հայ ժողովուրդը, այլև ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Եթե հայ ժողովրդի ողբերգությունը ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր, իսկ դրա կազմակերպիչները պատժվեին, երևի թե չէին լինի շատ այլ ցեղասպանություններ աշխարհի տարբեր վայրերում: Այս կարծիքին են, ի դեպ, տարբեր պետություններ ներկայացնող բազմաթիվ քաղաքական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, հասարակ մարդիկ: Մինչև այսօր Ցեղասպանությունն իրագործած պետությունը՝ Թուրքիան, ոչ միայն չի ճանաչում և դատապարտում այս հանցագործությունը, այլև շարունակում է պայքարել Մեծ եղեռնի ճանաչման դեմ, վարում է ընդգծված հակահայկական քաղաքականություն՝ սերտորեն համագործակցելով մեկ այլ ցեղասպան պետության՝ Ադրբեջանի հետ: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, և դա միայն հայոց դիվանագիտության խնդիրը չէ: Կրկնում եմ՝ ոճրագործին և ագրեսորին աջակցելը կամ նրա քայլերն անտարբերության մատնելը խրախուսում են մարդկության դեմ ուղղված նոր ոճրագործությունների իրականացումը երկրագնդի տարբեր ծայրերում:

 

-Պարոն Սահակյան, 100-րդ տարելիցը մի հանգրվան է, այլ ոչ թե վերջնակետ, և այս պարագայում ինչպե՞ս նայել ապագային, եւ որո՞նք պետք է լինեն մեր առաջնահերթություններն ապագայում:


-Բնական է, որ 100-րդ տարելիցը չի կարող լինել վերջնակետ, քանի որ այս ոճրագործությունը եւ դրա հետեւանքները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պետք է շարունակենք հզորացնել և զարգացնել հայոց անկախ պետականությունը, էլ ավելի ուժեղացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Սա է մեր նահատակված և մարտիրոսված քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու եւ նոր ողբերգություններ թույլ չտալու ամենահուսալի գրավականը:

 

-Բազմաթիվ ռազմական փորձագետներ կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը մինչեւ ապրիլի 24-ը շարունակելու է սրել լարվածությունը սահմանին եւ դիմել սադրանքների Թուրքիայի պահանջով: Համաձա՞յն եք այս տեսակետին, եւ Արցախյան զինված ուժերը որքանո՞վ են պատրաստ նման զարգացումների:


-Ի դեմս Ադրբեջանի, ինչպես ես արդեն նշեցի, մենք գործ ունենք ցեղասպան պետության հետ, որը նույնպես կազմակերպել է հայ ժողովրդի կոտորածներ ու ջարդեր եւ որն այսօր էլ շարունակում է իր այդ ահաբեկչական քաղաքականությունը: Իհարկե, հաշվի առնելով, որ ողջ հայությունն ապրիլի 24-ին ոգեկոչելու է Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հակառակորդը քայլեր կձեռնարկի իրավիճակի ապակայունացման ուղղությամբ, սակայն նրանց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Հայոց բանակն ի վիճակի է կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն եւ նրան հասցնել սթափեցնող հակահարված:

 

Հարցազրույցը' Հասմիկ Հարությունյան