Հնդկաստանի մի շարք հարուստ գործարարներ իրենց կանանց, դուստրերին եւ նույնիսկ խորթ մայրերին բարձր պաշտոնների են նշանակել իրենց ընկերություններում, որպեսզի կատարեն նոր օրենքը, որի համաձայն՝ հնդկական ընկերություններում ղեկավար պաշտոններից գոնե մեկը պետք է կինը զբաղեցնի, տեղեկացնում Է «Արմ ենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օրենքի պահանջը պետք է կատարվեր մինչեւ մարտի 31-ի կեսգիշեր: Սակայն երկու հիմնական ֆոնդային բորսաներում գնանշվող հարյուրավոր ընկերություններ չեն հասցրել դա անել:
Մուկեշ Ամբանին, որը երկրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ հնդիկների վարկանիշում, իր կնոջը՝ Նիտային, նշանակել է իրեն պատկանող Reliance Industries ֆիրմայի տնօրենների խորհրդում:
Գաուտամ Սինգհանիան իր կնոջը նշանակել է Raymond Group տեքստիլ ընկերության տնօրեն:
Հնդկաստանի արժեթղթերի եւ բորսաների խորհուրդը այս նորամուծության մասին հայտարարել էր 13 ամիս առաջ եւ արդեն վերջնաժամկետը հետաձգել է անցած հոկտեմբերին:
Օրենքի ուղղվածությունը հասկանալի է. այս նահապետական երկրում ղեկավար պաշտոնների առյուծի բաժինը զբաղեցնում են տղամարդիկ, եւ իշխանությունները ցանկանում են շտկել իրադրությունը: Անցած շաբաթ խորհրդի նախագահը խայտառակություն է համարել այն, որ այդքան քիչ ընկերություններ են կանանց նշանակել ղեկավար պաշտոններում:
Պահանջը չկատարած ընկերությունները կարող են տուգանվել:
Շրիրամ Սուբրամանիանը՝ InGovern ընկերության կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի գծով բաժնի ղեկավարը, հայտարարել է, որ պահանջը չկատարած գործարարները պարզապես ծուլացել են:
«Դա անհեթեթության գագաթնակետն է: Անկարելի է անհրաժեշտ թվով որակավորված կանայք չգտնել մեկ միլիարդ մարդու մեջ»,- հայտարարել է նա:
Փետրվարին Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ընկերությունների ղեկավար կազմում կանանց անբավարարությունը բաց թողնված հսկայական հնարավորություն է երկրի տնտեսական աճի համար:
Հնդկաստանի բնակչությունը կազմում է շուրջ 1,2 մլրդ մարդ: Ընդսմին աշխատանքի ոլորտում 131 երկրներում գենդերային հավասարությունը գնահատող վարկանիշում երկիրը 2013 թվականին զբաղեցրել է 120-րդ տեղը: