Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը։ 

 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կարապետ Գուլոյանը ասաց. «Ես կարող եմ ասել, որ իշխանությունն, իմ աշխատանքը գնահատելով, ինձ անձամբ առաջարկել է մարզպետի պաշտոն, և ես չեմ հրաժարվել»,- ասաց Գուլոյանը՝ ընդգծելով, որ Ծառուկյանի միջամտություն այս հարցում չի եղել:

 

Հարցին, թե ինչպիսին են իր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, քանի որ ինքը դադարեցրել է քաղաքական գործունեությունը և դուրս է եկել ԲՀԿ-ից, Գուլոյանն արձագանքեց․ «Եթե ես իմ գործունեությունը դադարեցնում եմ, ոչ մի առնչություն չունեմ: Ես անկուսակցական եմ: Քաղաքական հարցերով ինձ հարցեր չտաք»: