Հնդկաստանի մի շարք հարուստ գործարարներ իրենց կանանց, դուստրերին և նույնիսկ խորթ մայրերին բարձր պաշտոնների են նշանակել իրենց ընկերություններում, որպեսզի կատարեն նոր օրենքը, որի համաձայն՝ հնդկական ընկերություններում ղեկավար պաշտոններից գոնե մեկը պետք է կինը զբաղեցնի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Օրենքի պահանջը պետք է կատարվեր մինչև մարտի 31-ի կեսգիշեր: Սակայն երկու հիմնական ֆոնդային բորսաներում գնանշվող հարյուրավոր ընկերություններ չեն հասցրել դա անել:

 

Մուկեշ Ամբանին, որը երկրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ հնդիկների վարկանիշում, իր կնոջը՝ Նիտային, նշանակել է իրեն պատկանող Reliance Industries ֆիրմայի տնօրենների խորհրդում:

 

Գաուտամ Սինգհանիան իր կնոջը նշանակել է Raymond Group տեքստիլ ընկերության տնօրեն:

 

Հնդկաստանի արժեթղթերի և բորսաների խորհուրդն այս նորամուծության մասին հայտարարել էր 13 ամիս առաջ և արդեն վերջնաժամկետը հետաձգել է անցած հոկտեմբերին:

 

Օրենքի ուղղվածությունը հասկանալի է. այս նահապետական երկրում ղեկավար պաշտոնների առյուծի բաժինը զբաղեցնում են տղամարդիկ, և իշխանությունները ցանկանում են շտկել իրադրությունը: Անցած շաբաթ խորհրդի նախագահը խայտառակություն է համարել այն, որ այդքան քիչ ընկերություններ են կանանց նշանակել ղեկավար պաշտոններում:

 

Պահանջը չկատարած ընկերությունները կարող են տուգանվել:

 

Շրիրամ Սուբրամանիանը՝ InGovern ընկերության կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի գծով բաժնի ղեկավարը, հայտարարել է, որ պահանջը չկատարած գործարարները պարզապես ծուլացել են:

 

«Դա անհեթեթության գագաթնակետն է: Անկարելի է անհրաժեշտ թվով որակավորված կանայք չգտնել մեկ միլիարդ մարդու մեջ»,- հայտարարել է նա:

 

Փետրվարին Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ընկերությունների ղեկավար կազմում կանանց անբավարարությունը բաց թողնված հսկայական հնարավորություն է երկրի տնտեսական աճի համար:

 

Հնդկաստանի բնակչությունը կազմում է շուրջ 1,2 մլրդ մարդ: Ընդսմին աշխատանքի ոլորտում 131 երկրներում գենդերային հավասարությունը գնահատող վարկանիշում երկիրը 2013 թվականին զբաղեցրել է 120-րդ տեղը: