ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական «պատվո պահակ» հերթապահություն է կազմակերպվում: Ապրիլի 1-ից 23-ը՝ ժամը 10-ից 18-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը:ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց ավագ դպրոցների տնօրեններից պարզել՝ արդյոք «պատվո պահակ» կանգնելու հետ կապված խնդիրներ չե՞ն եղել, աշակերտների ծնողերը համաձայնե՞լ են իրենց երեխաներին ծրագրային դասերի ընթացքում ուղարկել «պատվո պահակ» կանգնելու, և ի վերջո ի՞նչ է մեզ տալու այս նախաձեռնությունը.

 

Զրուցեցինք թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի հետ: Այսօր հենց այս դպրոցի աշակերտներն են եղել «պատվո պահակի» դերում, իսկ դպրոցի ֆեյսբուքյան էջում օրը խորհրդանշական են կոչել. հենց այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության 25 ամյակի օրն է, իսկ դպրոցը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը:

 

«Աշակերտները ոչ միայն համաձայնվել են, այլ ընդհակառակը՝ սահմանափակ է եղել ընտրված երեխաների թիվը՝ ովքեր այսօր պետք է «պատվո պահակ» լինեին Ծիծեռնակաբերդում, իսկ ցանկացողների թիվն անհամեմատ ավելի շատ է: Ծնողները դեմ չեն եղել, սա ավելի մեծ դաս է, քան այսօր դպրոցում կստանային»,- ասում է տնօրենը: 

 

Թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանի հետ ևս զրուցեցինք: Այս դպրոցի աշակերտներն ապրիլի 14-ին նախատեսում են նաև տեղում միջոցառում կազմակերպել: Տնօրենը չգիտեր, թե ինչքան ժամանակ են երեխաները կանգնելու «պատվո պահակ», քանի որ ժամանակացույց չուներ, բայց կարծում է, որ ծնողները դեմ լինել չեն կարող, քանի որ դասերի հաշվին չի լինելու:

 

Թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանն էլ ասաց. «Դասերի ժամին չի լինելու, մենք շաբաթ օրն ենք կանգնելու: 16 աշակերտ էինք նախատեսել, բայց կրկնակի ենք տանելու: Մենք ուսուցիչներով ենք տանում, ծնողներ ենք տանում մեզ հետ, ծնողխորհրդի նախագահին»: