Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ Կիպրոսի փոստը և «ՀայՓոստի» ՓԲԸ-ն շրջանառության մեջ են դնում մեկական նամականիշ՝ Մելքոնյան վարժարանի և սաների պատկերներով: Նամականիշներից մեկի վրա պատկերված է Մելքոնյան վարժարանի շենքը և այն ծառերը, որոնք տնկել են վարժարանում ապաստան գտած որբերը՝ ի հիշատակ իրենց նահատակ ծնողների: Մյուս նամականիշին պատկերված են առաջին սաները՝ Մելքոնյան վարժարանի խորապատկերին:
Նամականիշերի մարման արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևորեց Հայաստանի և Կիպրոսի փոստային ծաառայությունների այս նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Մելքոնյան վարժարանը կարևոր հանգրվան է եղել հայ սաների համար: «Նախ և առաջ համատեղ նամականիշի թողարկումը խորհրդանշում է Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները:
Մյուս կողմից սա հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու սփյուռքի կարևորագույն վարժարաններից մեկին: Շուրջ 80-ամյա գործունեության ընթացքում այն հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանության գործում: Խորհրդանշական է, որ համատեղ նամականիշի մարումը տեղի է ունենում հենց այս օրը, երբ Կիպրոսի խորհրդարանը ընդունեց օրնեք, որով քրեականացվում է ցեղասպանությունների ժխտումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծեց, որ նամականիշերը մեծ կարևորություն ունեն ազգային արժեքների տարածման տեսանկյունից: «Նշանակալի է, որ տարվա մեջ մի քանի անգամ կարողանում ենք խոսել ազգային նամականիշերի մասին: Նամականիշերը՝ մեր դրոշի և դրամի հետ միասին, երկրի խորհրդանիշներից են»,- ասաց նա:
«Մելքոնյան վարժարան» խորագրով նամականիշերը թողարկվել են 60 հազար տպաքանակով:
Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1924թ. փետրվարի 15-ին, Կիպրոսում Մելքոնյան եղբայրների կողմից, որպես մանկատուն: Այն ապաստան է տվել Հայոց ցեղասպանության հազարավոր որբերի: 1925 թվականին Մելքոնյան վարժարանը հյուրընկալել է իր առաջին 103 սաներին, իսկ ավելի ուշ Մելքոնյան վարժարանը հանտնի է դարձել որպես Մելքոնյան կրթական հաստատություն: