Ադրբեջանում հանդես են եկել հերթական զավեշտալից նախաձեռնությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի անվտանգության գծով փորձագետ Քյամիլ Սալիմովը իշխանություններին խորհուրդ է տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելողների համար երկրի արտաքին գործերի նախարարության ստեղծած ծիծաղելի «սեւ ցուցակի» օրինակով նման մի «սեւ ցուցակ» էլ ստեղծել ԼՂՀ-ի մասին հոդվածներ հրապարակող արտասահմանյան ԶԼՄ-ների համար:

 

«Ադրբեջանում անհրաժեշտ է ստեղծել երկրում հավատարմագրումն արգելող արտասահմանյան ԶԼՄ-ների «սեւ ցուցակ»: Ընդ որում, այդ գործընթացը պետք է իրականացվի Ադրբեջանի ԱԳՆ-ում ներկայում գործող «սեւ ցուցակի» համանմանությամբ: Այսինքն' այն ԶԼՄ-ները, որոնք գրում են ԼՂՀ մասին, պետք է մտցվեն «սեւ ցուցակի» մեջ», -ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է նա:

 

Այսպիսով, ազատ մտածողությամբ լրագրողներին, ակտիվիստներին եւ իրավապաշտպաններին ճաղերի հետեւ նետած Ադրբեջանում այժմ ոտնձգություն է կատարվում արտասահմանցի լրագրողի մասնագիտական ազատության վրա եւս:

 

Ադրբեջանցի տհաս «փորձագետին» երեւի թվում է, որ ԼՂՀ-ի մասին հոդված պատրաստող արտասահմանյան հեղինակավոր թերթի' իրեն հարգող լրագրողը պետք է դրա համար «թույլտվություն» ստանա Բաքվից:

 

Ադրբեջանում դեռ չեն հասկանում, որ ինչպես ԼՀՂ մեկնող յուրաքանչյուր արտասահմանցի, այնպես էլ լրագրողը, թքած ունի, թե ինչ են մտածում իր այդ քայլի մասին Բաքվում: