Ապրիլի լույս 3-ի գիշերը հարյուրավոր իրանցիներ են դուրս եկել Թեհրանի փողոցներ՝ տոնելու երկրի միջուկային ծրագրի շուրջ Լոզանի բանակցություններում ձեռք բերված հաջողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

 

Իրանի մայրաքաղաքի ամենաերկար փողոցը՝ Վալի Ասրը, լիքն Էր ավտոմեքենաների շարասյուներով, որոնց վարորդները ազդանշան Էին տալիս՝ ողջունելով շրջանակային համաձայնագրի կնքումը, որի վերջնական տարբերակը պետք Է պատրաստվի մինչեւ հունիսի 30-ը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, տեղի բնակիչները սոցիալական ցանցերում լուսանկարներ ու տեսագրություններ են հրապարակում Թեհրանի փողոցներից, որոնցում երեւում Է, որ մարդիկ փողոցներ են դուրս եկել հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի դիմանկարներով: Սոցցանցերում նաեւ հայտնվել են այն իրանցիների բազմաթիվ լուսանկարներ, ովքեր գոհ են միջուկային բանակցությունների արդյունքների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթի հեռարձակումից:

 

Իրանի միջուկային ծրագրի շուրջ մարտի 26-ին սկսված բանակցությունների փուլն ապրիլի 2-ին նշանավորվել Է երկար սպասված համաձայնության ձեռքբերմամբ: Շվեյցարական Լոզանում Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) կարողացան շփման եզրեր գտնել եւ հիմք ստեղծել համապարփակ համաձայնագրի տեքստի վրա եզրափակիչ աշխատանքի համար:

 

«Մենք լի ենք վճռականությամբ շարունակել մեր ջանքերը եւ մտադիր ենք աշխատանքն ավարտել մինչեւ հունիսի 30-ը»,- մամուլի համար արված ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Այսօր մենք վճռորոշ քայլ կատարեցինք դեպի առաջ,- ասել է Մոգերինին: Մենք հասանք ապագա համապարփակ համաձայնագրի հանգուցային պարամետրերի համաձայնեցմանը»:

 

Նրա խոսքով՝ «առաջիկա շաբաթներին եւ ամիսներին» կողմերի ներկայացուցիչները քաղաքական եւ փորձագիտական մակարդակով կաշխատեն «համապարփակ համաձայնագրի տեքստը կազմելու վրա, որը կներառի տեխնիկական բոլոր մանրամասները»: