Ինչպես հայտնի է՝ երեկ կառավարության որոշմամբ Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Հայտնի փաստ է նաև այն, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

 

Այս նշանակումը սոցիալական ցանցերում մի շարք քննարկումների առիթ տվեց, սակայն որևէ մեկը չփորձեց սթափ կշռադատել՝ հիմք ընդունելով փաստերը և դրանից հետո եզրակացություններ անել: 

 

Նախ Գուլոյանը, Ծառուկյանի փեսան լինելով չէ, որ հարստություն է կուտակել: Շատերը գիտեն, որ նորանշանակ մարզպետի հայրը, մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը, երկար տարիներ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, ինչի արդյունքում մեծ ֆինանսական կարողություն է վաստակել: Բացի այդ որպես քաղաքապետ՝ Կարապետ Գուլոյանն իրեն հրաշալի է դրսևորել այդ տարիների ընթացքում, սիրվել է իր համայնքի կողմից, ինչը յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության կարևորագույն գնահատականն է: Կ. Գուլոյանը Կոտայքի մարզի բնակիչ է, և թե´ որպես քաղաքապետ, թե´ որպես տվյալ մարզի բնակիչ՝ շատ լավ է պատկերացնում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Նա ֆինանսապես ապահովված է և այդ պաշտոնով կայանալու խնդիր չունի:

 

Այս նշանակումը պետք է համարել քաղաքական սերնդափոխության տիպիկ օրինակ, երբ երկար տարիներ նմանատիպ պաշտոններ զբաղեցրած տարեց պետական գործչի փոխարեն նշանակվում է երիտասարդ, բայց արդեն իսկ համայնքի կառավարման մեծ փորձ և ցանկություն ունեցող գործիչ:

 

Այնպես որ՝ միանգամայն արդարացված նշանակում է, թերևս վերջին շրջանի նշանակումներից ամենաարդարացվածը:



Արամ Հակոբյան