«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.














«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է դի

 

 

 

Ապրիլի 2-ին, ժամը 18. 31-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը:

 

 

Պարզվել է, որ «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտակայքում' «Հաղթանակ» կամրջի տակ, հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու (մոտ 30 տ.) դի:

 

 

 

***

 

 

 

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

 

 

 

Ոստիկանության Թումանյանի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողներն ապրիլի 2-ին' ժամը 20.00-ին, օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1989թ. ծնված Արմեն Ս.-ին:

 

 

Արմեն Ս.-ն 2012թ. հունիսի 1-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:

 

 

 

***

 

 

 

Հակոբ Կոջոյանի կիսանդրին գողացած անձը փորձել է գողանալ նաև Արա Սարգսյանի կիսանդրին

 

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Կոջոյանի կիսանդրին գողացած անձի ինքնությունը, ով, ձեռք բերված ապացույցների համաձայն, միաժամանակ փորձել է գողանալ նաեւ Արա Սարգսյանի կիսանդրին։

 

 

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Աղանիկյանը 2015 հունվարի սկզբներին գնացել է Երևան քաղաքի Պուշկինի փողոց, իր հետ նախապես վերցրած մետաղյա առարկայով Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին անջատել է պատվանդանից և տեղավորել պարկի մեջ, ապա փորձել է պոկել նաեւ Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրին։ Նկատելով մոտեցող մարդկանց՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և, վերցնելով միայն Հակոբ Կոջոյանի կիսանդրին, հեռացել է։

 

 

Քրեական գործով նշանակված դատահետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, ԱրաՍարգսյանի բրոնզե քանդակի և պատվանդանի վրա առկա են հետքեր և վնասվածքներ, որոնք մեխանիկական բնույթի են և կարող են առաջանալ օտար, պինդ մարմնի ներգործության արդյունքում։

 

 

Նախաքննությամբ պարզվել է նույն անձի կողմից նախկինում կատարված գողության մեկ այլ դրվագ ևս. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նա 2014 թվականի գարնանը Երևանի մի բնակչի խորդանոցից հափշտակել է միկրոսխեմաներ և գունավոր մետաղներ։

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Աղանիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

***

 

 

 

Կարապետ Գուլոյանի նշանակումը' քաղաքական սերնդափոխության համատեքստում

 

 

 

Ինչպես հայտնի է՝ երեկ կառավարության որոշմամբ Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Հայտնի փաստ է նաև այն, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

 

 

Այս նշանակումը սոցիալական ցանցերում մի շարք քննարկումների առիթ տվեց, սակայն որևէ մեկը չփորձեց սթափ կշռադատել՝ հիմք ընդունելով փաստերը և դրանից հետո եզրակացություններ անել:

 

 

Նախ Գուլոյանը, Ծառուկյանի փեսան լինելով չէ, որ հարստություն է կուտակել: Շատերը գիտեն, որ նորանշանակ մարզպետի հայրը, մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը, երկար տարիներ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, ինչի արդյունքում մեծ ֆինանսական կարողություն է վաստակել: Բացի այդ որպես քաղաքապետ՝ Կարապետ Գուլոյանն իրեն հրաշալի է դրսևորել այդ տարիների ընթացքում, սիրվել է իր համայնքի կողմից, ինչը յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության կարևորագույն գնահատականն է: Կ. Գուլոյանը Կոտայքի մարզի բնակիչ է, և թե´ որպես քաղաքապետ, թե´ որպես տվյալ մարզի բնակիչ՝ շատ լավ է պատկերացնում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Նա ֆինանսապես ապահովված է և այդ պաշտոնով կայանալու խնդիր չունի:

 

 

Այս նշանակումը պետք է համարել քաղաքական սերնդափոխության տիպիկ օրինակ, երբ երկար տարիներ նմանատիպ պաշտոններ զբաղեցրած տարեց պետական գործչի փոխարեն նշանակվում է երիտասարդ, բայց արդեն իսկ համայնքի կառավարման մեծ փորձ և ցանկություն ունեցող գործիչ:

 

 

Այնպես որ՝ միանգամայն արդարացված նշանակում է, թերևս վերջին շրջանի նշանակումներից ամենաարդարացվածը:

 

Արամ Հակոբյան




***



Ստացվել են Ավետիսյան ընտանիքի սպանության գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները





ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։

 

 

Հաշվի առնելով նշված քրեական գործի նկատմամբ ձևավորված հասարակական մեծ հետաքրքրությունը ՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով։

 

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։

 

 

 

 

***

 

 

 

Կանխվել է հակառորդի հերթական դիվերսիան. հայկական կողմը կորուստներ չունի

 

 

 

Ապրիլի 3-ի գիշերը' ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն' օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:

 

 

Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:

 

 

 

***

 

 

 

«Ժառանգության» հայտարարությունը Իրանի և «Վեցնյակի» միջև ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ

 

 

 

 

Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի և «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջև համաձայնությամբ:

 

 

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը և կարևորում այն:

Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատև խաղաղության և համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր:

 

 

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը:

 

 

 

***

 

 

 

 

Սիփանիկի համայնքապետը 5 մլն 200 դրամ կաշառք է պահանջել

 

 

 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ:

 

 

Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվեց:

 

 

Նա անձամբ տան պահարաններից մեկից ներկայացրեց նաև կաշառքի առարկա հանդիսացող գումարը, որն անմիջապես առգրավվեց:

 

 

Ըստ տուժողի հաղորդման' նույն 9 հեկտար հողատարածքն իրեն վաճառելու համար դեռևս 2014 թվականի նոյեմբերին անցկացվել էր ձևական աճուրդ, որի ժամանակ Մանուկյանն իրենից պահանջել էր 5 մլն 500 հազար դրամ: Աճուրդում հաղթելուց հետո իր պահանջած գումարը չվճարելու համար համայնքապետը աճուրդը չեղյալ էր հայտարարել:

 

 

Հետո, սակայն, նոր աճուրդ կազմակերպելու և մարզպետարանից համապատասխան թույտվություններ ստանալու և նոր ձևական աճուրդ անցկացնելու համար պայմանավորվել էին արդեն 5 մլն 200 հազար դրամ գումարի շուրջ:

 

 

Արայիկ Մանուկյանը բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Քննությունը շարունակվում է: