Մի կողմից Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը «խստորեն դատապարտում է» աշխատանքի վայրերում անձնագրային տվյալների հավաքագրումն ու խոստանում պատժել, մյուս կողմից' պետական համակարգում աշխատակիցների վրա ճնշումներն ավելանում են և ավելի համակարգված են դառնում:
Երեկ «Առաջին լրատվական»-ի խմբագրությունը բողոք է ստացել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայից, որ վերջին երկու օրերին պոլիկլինիկայի ղեկավարությունը ստիպում է բժիշկներին, բուժքույրերին և մնացած աշխատակիցներին ցուցակագրվել, գրել անուն-ազգանունը, հեռախոսի համարը և ստորագրել, որ ընտրության օրը գնալու է ընտրության և ընտրելու է Սերժ Սարգսյանին: Ի դեպ, վերջին ցուցումը ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրելու հետ կապված բանավոր է: Ցուցակներում ստորագրելը պարտադիր է բոլորի համար, ընդ որում, ըստ այդ ցուցակի' պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է տեղամաս գնան մինչև առավոտյան ժամը 11-ը: Թե ինչու է այդ ժամն ընտրվել' անհասկանալի է. թերևս այդպես ավելի հեշտ կլինի օրվա ընթացքում ինչ-որ բաներ ճշտելը: Մեզ դիմած աշխատակիցն ասում էր, որ ցուցակագրման աշխատանքն իրականացնում է յուրաքանչյուր բաժնի ղեկավարը: Քանի որ որևէ մեկը չի ցանկանում կորցնել աշխատանքը, բոլորն էլ ստիպված ստորագրում են և խոստանում գնալ և ընտրել Սերժ Սարգսյանին: «Բայց, դե, հո իրանց ասելով չի»,- ասաց աշխատակիցը:
Երեկ «Առաջին լրատվական»-ը զանգահարեց պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանին' այս առթիվ նրանից մեկնաբանություն ստանալու, սակայն մեզ պատասխանեցին, որ տնօրենը տեղում չէ, ավելի ուշ զանգեք: Պարզվեց' գնացել է քաղաքապետարան խորհրդակցության: Թերևս նոր ցուցումներ ստանալու: Ավելի ուշ մեր զանգերն անպատասխան մնացին: Այնպես որ, որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Ի դեպ, Կենտրոնի այս պոլիկլինիկան գրեթե յուրաքանչյուր ընտրության ժամանակ աչքի է ընկել համանման գործունեությամբ, անգամ նախկին տնօրենի օրոք և այդ մասին մամուլում գրվել է: Քանի որ օրենքը խախտելու հարցում պոլիկլինիկայի տնօրենը դժվար թե ինքնուրույն գործի, կարելի է ենթադրել, որ նա կատարում է քաղաքապետարանի, ավելի ստույգ' Տարոն Մարգարյանի ցուցումը: Հակառակ պարագայում ինքնագործունեության համար խիստ կպատժվեր: Որոշ տեղեկություններով, տվյալ պոլիկլինիկայի փոխտնօրեն Արա Ներսեսյանը, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն պոլիկլինիկայում աշխատում է բուժական գծով տեղակալ, արձակուրդ է վերցրել' Սերժ Սարգսյանի շտաբում աշխատելու համար:
Տպավորությունն այն է, որ հակառակ Սերժ Սարգսյանի շտաբի հայտարարություններին, ՀՀԿ պաշտոնյաների մոտ մրցավազք է, թե ով ավելի շատ տվյալներ կհավաքի ու շատ ձայն ցույց կտա, որոնք հետո հաշվվում են նույն այդ շտաբում: Թերևս Տարոն Մարգարյանն էլ այդ նպատակով է գործում: ՀՀԿ-ում գիտեն, որ իրենք իրենց պաշտոններին են մնում ոչ թե կատարած աշխատանքի որակի, արդյունքի, իրենց հմտությունների, կարողության, այլ հիմնականում ՀՀԿ-ի օգտին բերած ձայների շնորհիվ: Փաստը' Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրինակն է, ով զրկվեց քաղաքապետի պաշտոնից Գյումրիում ԲՀԿ-ին ՀՀԿ պարտության համար:
Ուստի Երևանի քաղաքապետը չի ուզում հետևել Գյումրիի նախկին քաղաքապետի օրինակին, և քանի որ այս' համարյա անմրցակից ընտրություններում նախորդի պես ընտրակաշառք, գոնե նախնական հայտարարություններով, չի լինելու, մնում է սպառնալն ու ենթականերից ստորագրություններ վերցնելը: Մայիսին լրանում է Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամկետը և նրան ընտրություն է սպասվում: Իսկ եթե հանկարծ ՀՀԿ-ն իրենից հիասթափվի, անհնար կլինի շարունակել պաշտոնավարել: Սակայն ՀՀԿ-ականները լուրջ խնդրի առջև են կանգնած, քանի որ ՀՀԿ ընտրողները հիմնականում գումարով են ընտրում, և առանց գումարի ընտրողին տեղամաս տանելու ու համոզելու հետ կապված լուրջ դժվարություն կա: Բացի դա, դժվար թե իշխանության ընտրողները համաձայնեն առանց գումարի ընտրել: