Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ:

 

 

Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվեց:

 

 

Նա անձամբ տան պահարաններից մեկից ներկայացրեց նաև կաշառքի առարկա հանդիսացող գումարը, որն անմիջապես առգրավվեց:

 

 

Ըստ տուժողի հաղորդման` նույն 9 հեկտար հողատարածքն իրեն վաճառելու համար դեռևս 2014 թվականի նոյեմբերին անցկացվել էր ձևական աճուրդ, որի ժամանակ Մանուկյանն իրենից պահանջել էր 5 մլն 500 հազար դրամ: Աճուրդում հաղթելուց հետո իր պահանջած գումարը չվճարելու համար համայնքապետը աճուրդը չեղյալ էր հայտարարել:

 

 

Հետո, սակայն, նոր աճուրդ կազմակերպելու և մարզպետարանից համապատասխան թույտվություններ ստանալու և նոր ձևական աճուրդ անցկացնելու համար պայմանավորվել էին արդեն 5 մլն 200 հազար դրամ գումարի շուրջ:

 

 

Արայիկ Մանուկյանը բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Քննությունը շարունակվում է: