Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կրած պարտությունների համար որևէ երկրում դատավորից գումար չեն գանձում: «Մենք չենք կարող ունեզրկել դատավորներին, քանի որ կստեղծվի մի իրավիճակ, երբ որևէ մի դատավոր չի ցանկանա գալ և աշխատել դատաիրավական համակարգում:

 

 

 

Որքան էլ վատը լինի երկրի դատական համակարգը, նրա առկայությունը շատ կարևոր է երկրի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և հավելեց, որ եվրոպական երկրներում երբևէ նման որոշումներ չեն կայացվել: «Իհարկե, ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռները մտահոգիչ են, սակայն մենք պետք է հասկանանք, որ այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող վայրենի լինել, և մենք չենք կարող վերը նշված խնդրի լուծման համար առաջարկել քաղաքակիրթ երկրներում չկիրառվող մեխանիզմներ»,-պարզ աբանեց նախարարը:

 

 

Նա ընդգծեց, որ վերոնշյալ խնդրի միակ լուծումը ՀՀ դատական համակարգի արդյունավետության բարձրացումն է: «Ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Մենք պետք է բարելավենք մեր դատական համակարգը, որի շնորհիվ մարդու իրավունքների խախտումների դեպքերը կքչանան»,-շեշտեց Հովհաննես Մանուկյանը:

 

 

2015 թվականի մարտի 31-ին ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի Հանրապետության երեք վճիռ է կայացրել:

2008 թվականի նոյեմբերին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի մահվան տարելիցի օրը մի խումբ քաղաքացիներ ցանկացել էին խաղաղ երթ կազմակերպել, սակայն Երևանի քաղաքապետարանը մերժել էր նրանց հայտը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՄԻԵԴ-ում բողոքարկել էր հավաքների ազատության իրավունքը, որը բավարարվեց:

 

 

2005-ի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով Նարինե Նալբանդյանը դատապարտվել էր 14, իսկ Բագրատ Նալբանդյանը՝ 9 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով իրենց անչափահաս դստեր դասընկերուհու սպանության մեջ: Նրանք բարձրաձայնել էին, որ իրավապահ համակարգում իրենց նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել՝ սպանությունը խոստովանելու համար: ՄԻԵԴ-ը վեր նշված վճռում մարդու իրավունքների խախտում է տեսել, և վարդենիսցի Նալբանդյանների ընտանիքին Հայաստանի բյուջեից պետք է վճարվի 62 հազար եվրո:

 

 

Երրորդ վճիռը վերաբերում է «Կրեդիտ սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն Արտաշես Դավթյանին, որին պետք է պետբյուջեից փոխհատուցվի 9000 եվրո: Նա հայտարարել էր, որ կալանավայրում իր նկատմամբ կիրառել են անմարդկային վերաբերմունք: