Արդեն մեկ ամիս է, Արարատի մարզկենտրոն Արտաշատում սկսվել են կանաչապատման, ծառերի էտման, բների սպիտակեցման, կանաչ տարածքների մշակման, ծաղիկների տնկման աշխատանքները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Վալերիկ Վարդանյանը նշեց, որ այս տարվանից մարզկենտրոնի կանաչապատաման աշխատանքներն իրենց գործառույթն են, եւ իրենք ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի Արտաշատն ունենա ավելի բարեկարգ ու խնամված տեսք: Արդեն գնվել են 40 ակացիաներ, տուաներ, տարբեր տեսակի թփեր, ավելի քան 150 տեսակի ծաղիկների սածիլներ:
«Կգեղեցկանա ողջ Արտաշատը, հատկապես' կենտրանական հատվածը, կմշակվեն եւ կկանաչապատվեն նաեւ այն տարածքները, որտեղ նախկինում անմշակ էին մնում»,-ընդգծ եց Վարդանյանը, ավելացնելով, որ արդեն սկսվել են աշխատանքները քաղաքի Մարքսի, Օգոստոսի 23, Շահումյան եւ Երեւանյան փողոցներում: Բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն նաեւ Ցեղասպանության զոհերի եւ Հաղթանակի հուշահամալիրի, Գեւորգ Չաուշի, Զորավար Անդրանիկի արձանների շրջակայքում եւ այլ պուրակներում:
Վարդանյանը նշեց, որ անձամբ եւ մեկ առ մեկ կզրուցի բոլոր խանութների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք էլ ունենան իրենց ներդրումը քաղաքի տեսքի փոփոխման եւ բարեկարգման առումով: «Նրանք էլ պետք է հոգան իրենց խանութի առաջամասի համար: Ինչով անհրաժեշտ է՝ կօգնենք, ի մի կբերեք իրավիճակը, որպեսզի քաղաքն այլեւս չունենա անշուք տեսք»,-ասաց նա:
Անդրադառնալով այդ առումով կատարված հատկացումներին՝ Վարդանյանն նկատեց, որ տրամադրված է 6 մլն դրամ գումար, որի մեջ են մտնում ծառերի, ծաղիկների ու թփերի, սեզերի գնման գումարները, կանաչապատման աշխատանքներում ընդգրկված անհատների աշխատավարձերը, հետագայում կանաչ տարածքների պահպանման համար անհրաժեշտ ծախսերը: Լուծվել է դրանց նաեւ դրանց ոռոգման խնդիրը:
Այս տարվա հունվարի 1-ից դադարեցվել է Արտաշատ քաղաքի «Բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի գործունեությունը, եւ այն սկսել է գործել որպես «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ: Նախկինում կազմակերպությունը զբաղվում էր միայն բազմաբնակարան շենքերի տանիքների, նկուղների, մուտքերի վերանորոգմամբ, բակերում խաղահրապարակների տեղադրմամբ: Այդ աշխատանքներին այս տարվանից ավելացել է քաղաքի աղբահանությունը եւ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը:
Լիլիթ Մաճկալյան