Նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ հրազենային հարձակման պատճառով՝ ընտրությունները նշանակված օրից 40 օրով տեղափոխելու դեպքում ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը, կկասեցնի հացադուլը և կմասնակցի նախագահական նոր ընտրություններին:
«Դա կլինի նոր առաջադրանք, նոր քաղաքական խնդիր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը: «Իսկ եթե ընտրությունները հետաձգվեն 15 օրով՝ ես կշարունակեմ հացադուլը, մինչև քվեարկության նոր օրը՝ մարտի 4-ը: Իմ որոշումը կմնա անփոփոխ»,- ավելացրեց նա: Ի պատասխան հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում տեսակետներին, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հետաձգեց կամ խափանեց Սերժ Սարգսյանի և Ձեր պլանները, Ղուկասյանը ծիծաղեց, ապա ասաց. «Իմ ծրագրերը սրանով չեն խափանվել, որևէ բան չի փոխվել: Իսկ Սերժ Սարգսյանի համար չեմ կարող ասել»:
Անդրիաս Ղուկասյանի որոշմանը՝ շարունակել հացադուլն անգամ 15 օրով ընտրությունները հետաձգելու դեպքում, անդրադարձել էր նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իհարկե, կշարունակի, քանի որ միայն ինքն է հավատում, որ հացադուլ է անում: Տասը չէ, քսան օր էլ կարելի է շարունակել այդպիսի հացադուլ անել (տարբեր տեսակի հեղուկ սնունդ ընդունելով): Մենք ավելի գրագետ հացադուլների կատարումներ ենք տեսել: Ինչ էլ անես՝ Րաֆֆիին չես հասնի»:
Հացադուլավոր թեկնածուն, ի պատասխան Կարեն Ավագյանի վերոնշյալ գրառման՝ ասաց. «Նրա խոսքն էական նշանակություն ունի այն մարդկանց համար, ով վստահում է Կարեն Ավագյանին: Ես հերքում եմ այս տեղեկությունը: Վստահեցնում եմ, որ օգտագործում եմ միայն ջուր և փոքր քանակությամբ ջերմուկ: Յուրաքանչյուրը, ում կհետաքրքրի այս խնդիրը, կարող է գալ և ստուգել: Եթե Կարեն Ավագյանն իսկապես հետաքրքրված է, կարող է գալ, դնել իր աթոռն այստեղ ու նստել, ամբողջ օրն ինձ հետ անցկացնել: Իսկ եթե ինքը դա չի անում և պարզապես ասում է, դրանք հենց ընենց խոսքեր են, ինձ համար կես կոպեկ չարժեն»: