Մեծ Բրիտանիան ապրիլի 8-ից վերսկսում է երկրից մեկնող բոլոր ուղեւորների անձնագրերի ստուգումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է երկրի ՆԳ նախարարության հայտարարության մեջ:

 

Ինչպես հաղորդվել է նախօրյակին, այդ միջոցառումը կարող է հերթեր առաջացնել սահմաններում եւ խցանումներ՝ երկրից Եվրոթունելով ավտոմեքենայով մեկնելիս:

 

Ավելի վաղ օդանավակայաններում եւ կայարաններում անձնագրերի ընտրողական ստուգումներ էին անցկացվում երկրից մեկնելիս, այս դեպքում փաստաթղթերում սահմանի հատման մասին դրոշմակնիք չէր դրվում:

 

«2015 թվականի ապրիլի 8-ից մենք տեղեկատվություն ենք հավաքելու երկրից մեկնող ուղեւորների վերաբերյալ ճիշտ այնպես, ինչպես մենք դա անում ենք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ժամանում են: Նման ստուգումները մեզ հնարավորություն կտան հավաքել կենսականորեն կարեւոր տեղեկատվություն, որը կհաստատի Բրիտանիայից մարդու մեկնելու փաստը: Ստուգումները կբարձրացնեն ազգային անվտանգության մակարդակը եւ կօգնեն ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին ավելի լավ հետեւել կասկածյալներին եւ հանցագործներին»,- ասված է ՆԳ նախարարության փաստաթղթում:

 

«Ստուգումները մեզ կօգնեն բացահայտել նրանց, ովքեր խախտել են այցագրերով նախատեսված կեցության ժամկետները եւ անօրինականորեն են գտնվում երկրում: Նոր լիազորությունների համաձայն, որոնք երկրի ՆԳ նախարարությունն ստացել է 2014 թվականին, մենք կկարողանանք լուծարել եւ առգրավել նման անձանց վարորդական իրավունքները, ինչպես նաեւ խոչընդոտել այդ անձանց կողմից բանկային հաշիվներ բացելուն»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: