Հայաշատ Հալեպում արդեն երկու շաբաթից ավելի է համացանցը չի գործում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ հեռախոսակապը նույնպես բավական անկանոն է գործում: «Երեկ երեկոյան ժամերից մինչև առավոտ ռմբակոծությունները չեն դադարել՝ չնայած որ հայաշատ թաղամասերում միջադեպեր չեն գրանցվել»,- նշեց աղբյուրը՝ հավելելով, որ բանակը հնարավոր ամեն կերպով փորձում է վերահսկել իրավիճակը: Աղբյուրի տեղեկացմամբ, հակառակորդ ուժերը պարբերաբար հրասանդներ են արձակում Հալեպի տարբեր թաղամասերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորուստներ: Բարեբախտաբար, տուժածների մեջ հայեր չեն եղել:

 

Աղբյուրը նաև նշեց, որ երեկ հրասանդներ են ընկել Հայ Կաթողիկե եկեղեցու և առաջնորդարանի մերձակայքում, բարեբախտաբար, վնասներ չեն գրանցվել:

 

Արաբական աղբյուրների տեղեկացմամբ, ապրիլի 7-ին շուրջ 40 զինյալ են սպանվել և վիրավորվել Հալեպի հյուսիսում գտնվող Հուր Քալաս շրջանում ականապատ մեքենայի պայթյունից: Պայթյունը որոտացել է զինված ընդդիմադիր ուժերին պատկանող նստավայրի մոտ: Պայթյունից հետո թեժ բախումներ են սկսվել իսլամիստական խմբավորումների և «Իսլամական պետության» ահաբեկիչների միջև:

 

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով' Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: