Քիմ Քարդաշյանին և Քայնե Ուեսթին իրենց դստեր հետ Հայաստանի ժամանակով ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը տեսել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail-ը, Քարդաշյանների ընտանիքն սկսել է իր ուխտագնացությունը դեպի պատմական հայրենիքˋ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանների հայրը՝ ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, հայկական ծագում է ունեցել, ուստի Երևան կատարելիք այցը կարևոր ուխտագնացություն է աստղային ընտանիքի համար: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Հայաստան կատարելիք հատուկ ճանապարհորդության համար Քիմ Քարդաշյանը երկարացրել է մազերը և վերադարձրել բնական գույնը:

 

Daily Mail-ը հայտնում է նաև, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առնչությամբ Հայաստան այցելող հայտնի աստղերից են Ջորջ Քլունին և նրա կինը հայտնի իրավաբան Ամալ Քլունին, Քաղաքական գործիչներից ամենանշանավորը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է:

 

Usmagazine.com կայքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քարդաշյաններն այս շաբաթ պատրաստվում են Հայաստան այցելել: Հայաստանում աստղային ընտանիքը նկարահանելու է «Keeping Up With the Kardashians» շոուի հերթական մասերից մեկը: