Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագին ընդառաջ' Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 9-ին հանդիպել է Հայ Կաթոլիկ Եկեղեցու Հայրապետական Սինոդի (բարձրաստիճան հոգևորականների ժողով) անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն: Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր աղոթքում խնդրեl է, որ աստվածային ողորմությունը «օգնի մեզ բոլորիս ճշմարտության և արդարության հանդեպ տածած սիրով ամոքել մեր վերքերը և հստակ քայլեր ձեռնարկել, որ հաշտություն և խաղաղություն հաստատենք ազգերի միջև, որոնք դեռ համաձայնության չեն հասել այդ վշտալի դեպքերի առնչությամբ»:

 

 

Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր ելույթում ողջունել է Հռոմ ժամանած բազմաթիվ հայերին, եպիսկոպոսներին, ինչպես նաև' աշխարհասփյուռ հայությանը: Նա հատկապես հիշատակել է այն երկրների գաղթօջախների հայությունը, որոնք Մեծ եղեռնի տարիներին ապահով հանգրվան են եղել հայ քրիստոնյաների համար, սակայն այժմ իրենք են գտնվում վտանգի տակ:

 

 

Սուրբ հայրը խոսել է նաև Հայաստանում քրիստոնեության երկարամյա պատմության, նրա հոգևոր և մշակութային հարուստ ժառանգության մասին, որ թվագրվում է դեռևս 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին պետությունը:

 

 

Ամփոփելով խոսքը' Ֆրանցիսկոս պապը հարգանքի տուրք է մատուցել բոլոր նրանց, ովքեր ջանքեր չեն խնայել «մեծ հանցագործության» տարիներին հայ ժողովրդի տառապանքները թեթևացնելու համար, և հատկապես Բենեդիկտոս 15-րդ պապին, ով կոտորածները կանխելու նպատակով ժամանակին բանակցություններ է վարել Օսմանյան կայսրության ղեկավարների հետ: