Վրացական ԶԼՄ-ներն արդեն երկու օր է՝ ակտիվ քննարկում են Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Հրապարակումներում տեղ գտած հիմնական շեշտադրումներն ուղղված են այն հանգամանքին, որ հայազգի հայտնի աստղ 34-ամյա Քիմն ընտանիքի հետ միասին առաջին անգամ ժամանել է իր պապերի հայրենիք, որտեղ նրան մեծ շուքով են դիմավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վրացագետ Ալիկ Էրոյանցը:
«Նշվում է, որ Քիմը մեկնել է Հայաստան ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մանակցելու համար: Հաղորդվում է նաև, որ Քարդաշյաններն այցելել են Գառնի և Գեղարդ, նախատեսված է այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա նաև Ազգային արխիվ, որտեղ Քիմին կներկայացնեն իր պապերի մասին տեղեկություններ:
Բացի այդ նշվում է , որ Քիմը փոքրիկ ֆիլմ է նկարահանելու ցեղասպանության մասին: Խոսք է գնում նաև System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մասին՝ ներկայացնելով, որ, տվյալ խմբի անդամները լինելով հայ, հպարտությամբ բարձրաձայնում են իրենց ինքնության մասին՝ հավելելով, որ Երևանում շուտով կայանալու է այդ խմբի համերգը, և սպասվում է, որ ռոքերներին ևս մեծ շուքով են դիմավորելու:
Ի դեպ, Քիմ Քարդաշյանը մշտապես գտնվում է նշված լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում, իսկ պատճառն, ըստ էության, այն է, որ նա ամերիկյան շոուբիզնեսի ամենահայտնի աստղերից է:
Նույնիսկ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, անդրադառնալով Քիմի Հայաստան կատարած այցին, ցուցադրել է այդ մասին պատմող լուսանկարներ և տեսանյութ:
Հետաքրքիր մի հանգամանք. բանն այն է, որ Քարդաշյանների այցը լուսաբանելիս վրացական լրատվամիջոցները չեն կաշկանդվում և ազատորեն օգտագործում են ցեղասպանություն տերմինը, ինչը, ըստ էության, նոր երևույթ է, բայց և ակնառու:
Հ.Գ. Լավ է, երբ ամեն ինչ օբյեկտիվ և ըստ կարևորության է ներկայացվում ԶԼՄ-ներում, հատկապես՝ հարևան երկրներում: Ափսոս, որ քիչ է այդպես լինում»,-գրել է վրացագետը:
Ապրիլի 8-ին Հայաստան են ժամանել ամերիկահայ հայտնի հեռուստատեսային սատղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները: Քարդաշյաններին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են աղուհացով և ճանապարհել հյուրանոց: Նրանք նշել են, որ պատմական հայրենիք են ժամանել' ոգեկոչելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատ ուրյանը: Քիմ և Քլոե Քարդաշյանները հյուրընկալվել են ՀՀ կառավարությունում, հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նրանք հասցրել են լինել «Մայր Հայաստան» հուշահամալիրում, Գառնիում և Գեղարդում: