Այն, ինչ կատարվեց՝ ևս մեկ անգամ ասում է, որ դժվար էր մտածել ավելի ճիշտ կարգախոս, քան «Դեպի ապահով Հայաստան»-ն է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը չպե՞տք է վերաձևակերպվի:
Նա նշեց, որ ճիշտ հակառակն է կարծում կարգախոսի շուրջ, որովհետև այն, ինչ որ կատարվեց՝ ցույց տվեց, թե որքան ճիշտ ու որքան արդիական է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը: «Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք «Դեպի ապահով Հայաստան»: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ բոլոր բնագավառներում պետք է ապահովենք այդ «ապահով» ասվածը: Այն, ինչ կատարվեց, ևս մեկ անգամ ասում է այդ մասին, որ իրականում նույնիսկ դժվար էր մտածել ավելի ճիշտ կարգախոս: Կատարվածը դժբախտություն է, հանցագործություն, ինչ գնահատական էլ, որ տալու լինենք՝ երևի թե ճիշտ է, այդ ամբողջն էլ, եթե միասին ասենք, էլի ճիշտ է, և այն, ինչ որ կատարվեց՝ պարզապես ապացուցում է, որ այդ կարգախոսն այլընտրանք չունի»,- մեկնաբանեց Արտակ Դավթյանը:
Դիտարկմանը, թե Պարույր Հայրիկյանի հետ կատարվածից հետո շատերն են գտնում, որ կարգախոսը կենսունակ չէ, ասաց, որ նման կարծիքներն այն բանի ապացույցն են, որ բազմակարծությունը, ազատ արտահայտվելն ի վերջո հաղթանակել են մեր երկրում: Ըստ նրա՝ մտածող մարդիկ մի փոքր այլ կերպ են մտածում ու տրամաբանում: «Մենք հիմա տեսնում ենք, թե աշխարհի գերհզոր ԱՄՆ-ում ինչ է կատարվում, դպրոցներում ահաբեկչություններ, աշակերտներիգնդակահարություններ, պետք է ասենք, որ ԱՄՆ-ն ապահով երկիր չէ՞: Առաջ են քաշում իրենց մտքի արգասիքը, ինչն ուզում են լսելի դարձնել և իրենց առաջ քաշած մտքի գերին են դառնում ու դրա համար էլ առաջ են քաշում այն բաները, որ այդ կարգախոսը հնացել է: Սակայն ճիշտ հակառակն է»,- ասաց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո համացանցում կարծիքներ են շրջանառվում, որ ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը վերաձևակերպման կարիք ունի: