Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ է փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը և նախատեսվում է, որ պատարագից հետո նա կմոտենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին (սովորաբար, պատարագը վերջացնելուց հետո Պապը դուրս է գալիս տաճարից):
Հռոմ ժամանած լրագրողներին ներկայացնելով սպասվող պատմական իրադարձության մանրամասները՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշեց, որ մատուցվելիք պատարագի ավարտին նախատեսված են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները: «Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով. բացի վերը նշածներիցս, կարևոր է նաև առանձնացնել, որ տեղի կունենա հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը: Նախատեսվում է, որ պատվիրակություններ կլինեն տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայնքներից:
Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: «Կհնչի լատիներեն ֆորմուլան և Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ»,- ասաց Միքայել Մինասյանը:
Իսկ մինչ պատարագը, ապրիլի 11-ին ևս մեկ հիշարժան միջոցառում է ծրագրված. Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակը կզարդարի իտալական Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը: Խաչքարը կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը կօծվի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի: