Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Ադրբեջանի գծով համազեկուցող Պեդրո Ագրամունտը «չնախատեսված հանգամանքների» պատճառով հետաձգել է ապրիլի 8-9-ին Բաքու ծրագրած այցը, ինչի մասին ԵԽԽՎ-ն հայտնել էր Twitter-ի իր պաշտոնական էջում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական faktxeber.com-ին հայտնի է դարձել Ագրամունտի' Բաքու չայցելելու իրական պատճառը:
Կայքը հայտնում է, որ թեեւ նշվել էր, թե Արգամունտը չի կարողացել Բաքու այցելել «առողջական խնդիրների» պատճառով, սակայն, իրականում, նա փորձում է Ադրբեջանի մասին իր պատրաստելիք զեկույցում «քաղբանտարկյալ» եզրույթը փոխել «քրեական գործերում քաղաքական դրդապատճառներ ենթադրվող բանտարկյալներ» արտահայտությամբ:
«Ագրամունտը Ադրբեջանի հետ կապված զեկույցը պետք է ներկայացնի ԵԽԽՎ-ի հունիսի վերջին շաբաթվա ընթացքում անցկացվելիք ամառային նստաշրջանում: Ամենայն հավանականությամբ, նա Ադրբեջան կժամանի մինչ այդ նիստը», -ըստ կայքի' «Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի մարդու իրավունքների գծով մոնիտորինգային խմբի անդամ Սաիդա Գոջամանլըն:
Պ. Ագրամունտի Բաքու այցի նպատակը հանդիսանում էր ԵԽԽՎ իրավական հարցերով եւ մարդու իրավունքների գծով կոմիտեի համար Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով' «Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահությունը. ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել մարդու իրավունքները հարգելու համար» զեկույցի կազմումը:
ԵԽԽՎ-ն այդ զեկույցի կազմումը Ագրամունտին հանձնարարել էր դեռեւս 2014 թվականի հունիսին քաղբանտարկյալների խնդիրների գծով տեղական ակտվիստների բազմաթիվ դիմումներից հետո: Դա համընկել էր ԵԽ-ի Նախարարների խորհրդում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանի հետ:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում մարդու իրավունքների իրավիճակն այդ երկրում ոչ միայն չէր բարելավվել, այլեւ վատթարացել էր. ձերբակալվել էին քաղբանտարկյալների խնդիրների մասին ԵԽ-ին տեղեկացրած իրավապաշտպանները:
Ագրամունտը երկար ժամանակ լռել էր եւ ոչ մի անգամ չէր այցելել Ադրբեջան: Միայն անցյալ մարտին ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի մյուս համազեկուցող, իր լեհ գործընկեր Տադեուշ Իվինսկիի հետ նա կարճ ժամանակով այցելել էր Ադրբեջան: Ընդ որում, երկու զեկուցողներն էլ Բաքվում խուսափել էին հրապարակային հայտարարություններից եւ մամուլի ասուլիս չէին անցկացրել: