Քիմ Քարդաշյանը այժմ գտնվում է Հայաստանում' վերամիավորվելու իր արմատների հետ: Այսպես է սկսվում բրիտանական Daily Mail-ի հերթական անդրադարձը Քարդաշյանների այցին Հայաստան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը, տեղադրելով Քիմի և նրա ամուսնու' Քայնե Ուեսթի լուսանկարները, հոդվածը վերնագրել է այսպես. «Թույլ տուր ցույց տալ քեզ իմ երկիրը»:
Բրիտանական լրատվականը գրում է, որ ապրիլի 10-ին Ուեսթ ամուսիններն ընթրել են Երևանյան ռեստորաններից մեկում, ինչից հետո, դուրս գալով և հանդիպելով իրենց երկրպագուներին, լուսանկարվել են նրանց հետ:
Daily Mail-ը գրում է, որ նույն օրն ավելի վաղ Քարդաշյաններն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Նրանք մռայլ տեսք ունեին, իսկ 30-ամյա Քլոեն անգամ մի պահ սրբեց իր արցունքները, երբ լռության մեջ իր զարմուհիների հետ կանգնած էր հուշահամալիրում»,- գրում է բրիտանական պարբերականը' հիշեցնելով, որ Քարդաշյանների ընտանիքի հայրական կողմը Միացյալ Նահանգներ է եկել այն շրջաններից, որոնք ներկայում գտնվում են Թուրքիայի տարածքում: Daily Mail-ը նշում է նաև, որ ութօրյա այցելության ընթացքում Քարդաշյանները լինելու են Հայաստանի ազգային արխիվում' տեսնելու իրենց նախնիների մասին փաստաթղթերը, ինչպես նաև այցելելու են Գյումրի, որտեղ բնակվում են նրանց հեռավոր բարեկամները: