Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» միջազգային գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Գիտաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում եւ շնորհավորում նման կարեւոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Դուք իրականացնում եք մեծ աշխատանք՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների ուսումնասիրման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարական նորմերի ու սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանության ու տարածման ուղղությամբ: Դա առանձնահատուկ առաքելություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
Չափազանց խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովն անց է կացվում հենց Արցախում: Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված եւ դաժանաբար իրականացված ցեղասպանության, զրկվեց պատմական հայրենիքի մեծ մասից եւ դարձավ տարագիր' սփռվելով աշխարհով մեկ: Մարդկության պատմության մեջ հայտնի այդ աննախադեպ Եղեռնը չստացավ արժանի գնահատական, ինչն էլ ծնեց նոր ոճրագործություններ: 1988-ին Սումգայիթում ու 1990-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը եւ արցախահայության դեմ սանձազերծված պատերազմը դրա վառ վկայությունն են: Սակայն այս անգամ մեր ժողովրդին բնաջնջելու հակառակորդի ծրագրերը դատապարտված էին ձախողման, քանզի դարավոր ցավն ու կորուստը ուժեղացրել էին հայի ազատատենչ ոգին, դարձրել նրան ավելի ամուր ու անսասան:
Արցախյան ազատամարտի տարիներին համայն հայությունը ոտքի ելավ մեկ մարդու պես' պաշտպանելու իր պապենական հողը, հնագույն լեզուն, հավատքն ու մշակույթը, սեփական ձեռքերով կերտելու իր ճակատագիրը: Համազգային միասնությունն ու համախմբվածությունը եւ հայոց անկախ պետականությունը դարձան մեր հաղթանակների գրավականն ու խորհրդանիշը, ինչը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք կարողացանք դիմակայել թշնամուն, հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները եւ կառուցել երկու հայկական պետություններ, որոնք այսօր ձեռք ձեռքի կերտում են իրենց հուսալի ապագան:
Հարգելի՛ բարեկամներ,
Վստահ եմ, որ գիտաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ արժանի ներդրում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ու ամենայն բարիք»: