Նոր մոբեյալ հավելվածը կճանաչի Հայաստանի ու Հարավային Կովկասի լայնատերև բուսատեսակներն ու տեղեկություն կհաղորդի դրանց վերաբերյալ: «EcoSnap» ծրագիրը, որը վերջերս արժանացել է դրամաշնորհի, դեռևս մշակման փուլում է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Վաչե Կիրակոսյանը ներկայացրեց ապագա մոբայլ հավելվածի էությունն ու կիրառման ոլորտները: «EcoSnap-ը շարժական հավելված է, որը հեռախոսի կամերայի օգնությամբ բույսի մի հատվածի նկարն անելուց հետո կառուցում է եռաչափ մոդել ու դա համեմատում մեր ստեղծած բազայի հետ, այնուհետև սահմանում է, թե դա ինչ բույս է»,-ասաց Վաչե Կիրակոսյանը: Նրա խոսքով' այս խնդրի լուծումներ համաշխարհային պրակտիկայում կան, բայց դրանց հավաստիությունն այնքան էլ բարձր չէ: «Մենք գտել ենք լուծումը, որ ը թույլ կտա բարձր ճշգրտությամբ ինֆորմացիա տրամադրել բույսի մասին: Մեր ծրագրի շուկան շատ լայն է, մենք անգամ մտածում ենք բուսասերների համար ծառայությունների բազմություն մշակել: Օրինակ, եթե նրանք տանն ունեն որևէ բույս, դրա խնամքի ձևերը առաջարկենք: Այն նաև կարող է հետաքրքրել սովորական տուրիստին: Դա իմ փորձից եմ արդեն ասում: Գնացել եմ ինչ-որ երկրներ, ինչ-որ բույսեր տեսել եմ, տեղացիները շատ անգամ չգիտեն ինչ բույս է, բայց եթե գիտեն էլ, պարտադիր չէ, որ ճշգրիտ տեղեկություն տան»,-նշեց ծրագրի ղեկավարը:
Վաչե Կիրակոսյանի խոսքով' ծրագրի բազայում սկզբնական շրջանում կներառվի 3.5-3.6 հազար լայնատերև բուսատեսակի մասին ինֆորմացիա, որը կծածկի Հայաստանի ու Հարավային Կովկասի բուսատեսակների բազմությունը: «Աշխարհում բույսերի քանակը, լայնատերևների մասին է խոսքը՝ փշատերևները չհաշված, մոտ 350 հազար է, դրանցից գիտությունը նկարագրել է 200-250 հազարը: Ամեն տարի մոտ 2 հազար նոր բուսատեսակ է հայտնաբերվում ու նկարագրվում: Իդեալական տարբերակում մեր բազայում կունենանք 200 հազար բուսատեսակի մասին ինֆորմացիա»,-ասաց մեր զրուցակիցը' ավելացնելով, որ հավելվածը սկզբնական փուլում կլինի անգլերեն:
Այս պահին ծրագիրը տեսականից կիրառականին թևակոխելու փուլում է և առաջիկա 3-5 տարվա ընթացքում 15-20-հոգիանոց խումբ պետք է ներգրավված լինի աշխատանքներում: Խումբը գործելու է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: «Նրանք ոչ այնքան ծրագրավորողներ են լինելու, որքան մաթեմատիկոսներ, քանի որ այստեղ լուրջ մաթեմատիկական հետազոտությունների խնդիր է դրված: Եթե մենք այդ ալգորիթմը կարողանանք կատարելագործել, արդեն ոչ միայն բույսերի մասին է խոսք լինելու, կարող ենք այլ ոլորտներ էլ մուտք գործել: Այսօր պատկերների ճանաչման ալգորիթմների կիրառումը շատանում է, և ցանկացած խոշոր ընկերություններում պատկերների ճանաչման տեխնոլոգիական խնդիրը լուրջ է դրված, ես կարծում եմ, որ մենք մեր խոսքը կարող ենք այնտեղ ասել»,-շեշտեց Վաչե Կիրակոսյանը:
Ծրագիրը հաղթել է Համաշխարհային բանկի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացվող Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:
Ներկայում հայտարարված է մրցույթի 3-րդ փոււլը, և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը: