Պաշտոնական Անկարան արձագանքել է Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերին և նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հարցով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որում նշել է, թե համայն կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսքերը «որևէ աղերս չունեն պատմական և իրավական իրողությունների հետ»:
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Հռոմի պապին «կրած ցավերի միջև խտրականություն դնելու, ընտրողական մոտեցմամբ Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված թուրք և մուսուլման ժողովուրդների կրած ցավերն անտեսելով' միայն քրիտոնյաների և, մասնավորապես, հայերի ցավերն առաջ քաշելու» մեջ: Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ Վատիկանին մեղադրում են «մատուցված պատարագի ժամանակ պատմությունը քաղաքական գործիք դարձնելու» մեջ:
«Ցեղասպանությունը իրավական հասկացություն է: Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր խոսքում Բոսնիայի և Ռուանդայի՝ միջազգային դատարանների կողմից որպես «ցեղասպանություն» բնորոշված ցավալի դեպքերը որակել է որպես «զանգվածային կոտորած», իսկ դատական որևէ որոշում չունեցող 1915 թվականի դեպքերը՝ ցեղասպանություն: Այս հակասությունը արդարության և բարոյականության հասկացություններով մեկնաբանելն անհնար է»,- նշվում է հայտարարության մեջ: ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք մերժում են Հռոմի պապի նման դիրքորոշումը և համարում են այն «խտրականություն պարունակող և կողմնակալ»: Պաշտոնական Անկարան հայտնել է նաև, որ այս մասին իրենց մտահոգությունները հայտնել են Թուրքիայում Վատիկանի դեսպանին և քննարկումների համար Սուրբ Աթոռից հետ են կանչել նաև Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին:
Ապրիլի 12-ին Վատիկանում կայացած պատմական պատարագի ժամանակ Հռոմի պապը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի: «Սիրելի հայ եղբարներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք ցավոք այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանորեն սպանում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք , դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասաց Հռոմի պապը: