Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահմանելու և շաբաթ տեղափոխելու կարիք այլևս չի լինի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար, ինչի մասին աշխատողը պարտավոր կլինի երկու օր առաջ տեղյակ պահել գործատուին, ինչը մի կողմից գործատուին հնարավորություն կտա, նախապես տեղեկացված լինելով, այդ օրվա գրաֆիկն ավելի համապատասխան կազմակերպել, մյուս կողմից աշխատողն այդ փաստաթուղթը (թղթային կամ էլեկտրոնային) հետագայում որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող է օգտագործել որպես գրավոր ապացույց՝ հիմնավորելու համար աշխատանքից որոշակի ժամանակով բացակայելու հանգամանքը:
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ օրենքի ընդունմամբ այլևս կարիք չի լինի այդ օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ: Միաժամանակ հաշվի կառնվեն դարերի ընթացքում ձևավորված կրոնական ավանդույթները: Ընդ որում, խտրականություն թույլ չտալու համար, նախատեսվել է հատուկ դրույթ այլ կրոնական ուղղություներին դավանող անձանց համար, ովքեր կարող են օգտվել նշված իրավունքից իրենց կրոնական տոմարով համապատասխան օրերին գերեզմաններ այցելելու համար:
Խնդիրն այն է, որ երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատանքային սահմանելու դեպքում բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի և աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ և այլ գործառնություններ կատարել: Մյուս կողմից, բաց է մնում շաբաթական 6 օր աշխատողների հարցը, քանի որ բազմաթիվ գործատուներ, հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքի պահանջները, չաշխատած երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրն են աշխատանքի կանչում աշխատողներին, ովքեր փաստորեն այդպիսով աշխատում են 12 օր անընդմեջ:
Այսպիսով նախագծերի փաթեթը քաղաքացիների համար իրավական հիմք է ստեղծում համապատասխան օրն այցելելու գերեզմաններ՝ առանց ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտության: